Նախագիծը մտահոգիչ է․ լրագրողական կազմակերպությունները՝ Ալեն Սիմոնյանի նախաձեռնության մասին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  16,  24News 

ԺՄ

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել։

Հայտարարությունը՝ ստորև.

«Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել՝ հասցնելով համապատասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի, մտահոգություն ու վրդովմունք է առաջացրել հայաստանյան և միջազգային լրագրողական հանրության շրջանում։

Զուտ քաղաքական նկատառումներով առաջ քաշված այս մոտեցումը որևէ կերպ չի կարող նպաստել հայտարարված նպատակների իրագործմանը` անպատասխանատու լրագրության դրսևորումների բացառմանը և քաղաքացիների տեղեկատվական իրավունքների պահպանմանը։ Այս նախաձեռնությունն առավել վտանգավոր է այն իրողության ֆոնին, երբ ամեն ամիս ավելանում են իշխանության ներկայացուցիչների կողմից դատական հայցերն ընդդեմ լրատվամիջոցների՝ վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով, ընդ որում՝ փոխհատուցման առավելագույն պահանջներով. 1 միլիոն դրամ վիրավորանքի և 2 միլիոն՝ զրպարտության համար։

Ճիշտ է, այդ պահանջները հազվադեպ են ամբողջությամբ բավարարվում, սակայն առկա իրավիճակում փոխհատուցման չափերի հնգապատկումը հստակ ուղերձ կդառնա դատական համակարգի համար և կդրդի ավելի խիստ վճիռների կայացմանն ընդդեմ ԶԼՄ-ների։ Սրանով կխաթարվի նաև հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքի և նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։

Բացի այդ, կանտեսվի ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի՝ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց կոլապսին։ Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամն առանց այն էլ ծանր ազդեցություն է թողել լրատվամիջոցների գործունեության վրա։

Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։ Քիչ չեն դեպքերը, երբ նաև հիմնավորված քննադատությունն է ընկալվում որպես վիրավորանք կամ զրպարտություն, և փորձ է արվում դատարանի միջոցով «հաշիվ մաքրել» լրատվամիջոցների հետ։

Խնդրի առարկա նախագիծը մտահոգիչ է նաև այն համատեքստում, որ վերջին ամիսների ընթացքում հաճախակի են ի հայտ գալիս ԶԼՄ ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հիմնված չեն լինում իրավիճակի խորը ուսումնասիրությունների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա:

Նկատի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, Ազգային ժողովից պահանջում ենք. մերժել վերոհիշյալ օրինագծի ընդգրկումը խորհրդարանի օրակարգ և հանել փաստաթուղթը շրջանառությունից, նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի և դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ՝ քաղաքական ուժերի, պետական մարմինների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, օրենսդրորեն խրախուսել որակյալ լրագրության զարգացումն ու տեղեկատվական վեճերի արտադատական լուծումները։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

--00—ՄՀ