Ապագայում կհայտարարեն՝ փող մուրացող տատիկը պետք է հարկվի, որովհետև տնտեսվարող է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում «Իշխանությունների ողջ պերճանքը» վերտառությամբ գրառում է արել, որում նշված է.

«Մի քանի օր է մտածում եմ` էլ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկեն իշխանությունները, որպեսզի ավելի բարդեցնեն այն կենսապայմանները, որոնք արդեն իսկ մեր իրողության մեջ բարդ են: Քանի որ ավագանու իշխող խմբակցությունը հաստատեց մի նախագիծ, որով հարկվելու են շրջածախ առևտրով զբաղվող անձինք, օրինակ փուչիկ, անձեռոցիկ, գրիչ վաճառողները, առաջարկում եմ նոր, ևս երկու նմանօրինակ նախագծեր բերել: Մեկով հարկենք մուրացկաններին, քանի որ վերջիններս իշխանության չափորոշիչներով կարող են համարվել լուրջ տնտեսվարողներ, մյուսով հարկենք փողոցային երաժիշտներին ու վերջիններիս լսարանը: Օրենքով նաև պարտադիր սահմանվի գումար տվողներին ՀԴՄ կտրոն տրամադրելն ու լիցենզիայի առկայությունը:

Իրապես, չեմ զարմանա, որ ոչ հեռու ապագայում ավագանին կքննարկի նմանօրինակ նախագծեր, իսկ իշխանական ավագանու անդամները ամբիոնից կհայտարարեն, որ այլևս օրենքի երկիր պետք է լինի և, այո´, փող մուրացող տատիկը պետք է հարկվի, որովհետև տնտեսվարող է և, մաշելով Երևանի փողոցները, լուրջ գործունեություն է ծավալում:

Այս ամենն, իհարկե, շատ ցավալի է...»:

--00--ԱԹ