ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարման հարցը վարչապետին ներկայացնելու՝ ԼՀԿ-ի առաջարկը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Խորհրդարանի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 16-ի նիստին ԱԺ-ն չհասցրեց քվեարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման արդյունքով հնչած առաջարկը, այն է՝ ԿԳՄՍ նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելու մասին նախագիծը:

Նախքան քվեարկությունը՝ ԼՀԿ ղեկավարը ճշտեց՝ ինչո՞ւ ԱԺ նիստին ներկա չէ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, քանի որ նման հարցի քննարկման պարագայում նախարարի ներկայությունը պարտադիր է: ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ասաց, որ ավելի վաղ նախարարը զանգել է իրեն, և ինքը ասել է, որ հարկ չկա ներկա լինելու նիստին:

Քվերակությունից առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ևս միանում է ԼՀԿ-ի առաջարկին, ապա նաև հավելեց, որ ԲՀԿ-ն անհարիր է համարում Արայիկ Հարությունյանի՝ սեպտեմբերի 16-ի ելույթի ավարտական հատվածը, դրան հաջորդած գնահատականները՝ որակելով դրանք «ոչ կոռեկտ ու բարեկրթության սահմանները անցնող»:

ԼՀԿ-ի առաջարկը, սակայն, քվեարկության արդյունքում չընդունվեց: Կողմ քվեարկեց 35 պատգամավոր, դեմ՝ 84, ձեռնահ՝ 0:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս