Ընդդիմադիր արտադրության ձախողումը 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Նիկոլ
«Այնինչ բնական պետք է լինի այն վիճակը, երբ այն մթնոլորտում, երբ շնչահեղձ է լինում իշխանությունը, այդտեղի ընդդիմությունը պիտի թթվածին ստանար... 

Բազմակարծության, բազմակուսակցականության, պառլամենտարիզմի իմաստն ու սիստեմի կենսունակության երաշխիքը այն է, որ ընդդիմությունը պիտի «դեստրուկտիվ» լինի: Համենայնդեպս, ընդդիմությունը չի կարող իշխանության հետ մեռնել»:

Վանո Սիրադեղյանի՝ Նիկոլ Փաշինյանին տված հարցազրույցից, «Հայկական Ժամանակ», մարտի 25, 2006 թ.

 

Ոչ իշխանական քաղաքական հատվածը Հայաստանում թե՛ հետաքրքիր, թե՛ բարդ վիճակում է: Ստեղծված պայմանները տալիս են անվտանգ ու լիաթոք գործելու հնարավորություն, բայց դաշտը փակուղային կորագիծ ունի: Եվ խնդիրն ընդդիմությունն է: 

Երկիրը կառավարող վարչակազմը լիարժեքորեն հասցրել է դրսևորել իր ակտիվ սահմանափակ տեսակը, անբովանդակ էությունը, գաղափարական սնանկությունը, ծրագրային ամլությունը: Ձախողվել է քաղաքական գնահատականներ տալու, կադրային քաղաքականության, իրավական հստակ ու կոշտ մոտեցման և ռազմավարական զարգացումներում: Կանոնակարգված չէ կառավարակազմի մոտեցումը ղարաբաղյան հարցում, սխալ է գնում Սահմանադրական հարցի ընթացքը, Մարտի 1-ի գործը վիժում է (Հոկտեմբերի 27-ի մասին խոսք չկա): 

Կառավարիչներին ջրի վրա պահում է Նիկոլի պոպուլիստական պոպուլյարությունն ու նախկին իշխանություններին մեղսագրվող (տեղի և անտեղի) բացասական երևույթների՝ հիմնականում կոռուպցիայի, և հոռի պահվածքի բացակայությունը: 

Այսօրվա ղեկավարության գլխավոր անհաջողությունն այն է, որ 2018 թ. գարնանային զարթոնքը չկարողացավ համապատասխան համակարգայնացման ենթարկել: Դա միայն կարող էր լինել գաղափարների, արժեքների կրողը լինելու և բարեփոխումների ու կոշտ, հարվածային քայլերի շնորհիվ, բայց վախը ռեյտինգի նվազման առջև ու թիմում մտավոր և կամային հատկությունների պակասը բերեցին այս վիճակին: 

Սա խարիզմատների իշխանություն չէ, այլ պրիմիտիվների վարչակազմ, որոնք, առաջընթացի՝ հրաշալի ու հետաքրքիր ապահովման մտավոր ընդունակություններից զուրկ լինելով, վարում են «մաքուր ձեռքերի» մակերեսային քաղաքականություն: 
Ընդդիմությունը և՛ նման, և՛ տարբերվող վիճակի մեջ է:

Առաջին հերթին հակադրվողների մեջ կա լիակատար արհամարանք գործողների նկատմամբ: Յուրաքանչյուր պայքարում սա սխալ մոտեցում է՝ սթափությունն ու զգոնությունը թուլացնող: Չկա (դեռ) առաջնորդը, ում լիդերության ներքո դժգոհողների բազմաշերտ ու գույնզգույն, բայց ցաքուցրիվ մասսան կհավաքվի և բանակի տեսք կստանա: Ամբիցիաները (հիմնականում անհիմն) ու անհատական և խմբային գործողությունների պարզունակությունը հետաքրքրություն չեն ներշնչում: Տիրապետելով հսկայական ֆինանսական ու մեդիա ռեսուրսների՝ ընդդիմադիր հատվածը չի կարողանում գտնել Փաշինյանին հանրային ու զանգվածային ընկալման մեջ կոտրելու ու փոշիացնելու միջոցը, և իր դաշտ նետված գնդակը հաճախակի խփում է դարպասից բարձր կամ ինքն ընկնում խաղից դուրս վիճակի մեջ: Իր վարքագծի մեջ համառ ընդդիմությունը չունի քաղաքական հստակ քարտեզ և տպավորություն է ստեղծվում, թե սպասում են աշխարհաքաղաքական կատաստրոֆայի կամ ռեգիոնալ կատակլիզմի, ներքին ֆորսմաժորի և արտաքին աջակցման, որտեղ այս թույլ վարչակազմը կսայթաքի, ու իրենք հարձակման շանս կստանան: Սա հաշվարկից դուրս պահվածք է: Նրանց այս երկու տարվա անկանոն և կանոնավոր կրակահերթը «Nikol & Company»-ի ուղղությամբ վարչակազմի շապիկի մեջ, իհարկե, ծակեր առաջացրել են, բայց դեռ չեն խոցել այնպես, որ զմփոցով ընկնելը կարճ ժամանակի հարց լինի: Նախկինները շատ տեսանելի են, սակայն քիչ ընդունելի, և դա այն բանի համար, որ իրենք իրենց չեն ենթարկել հրապարակային ապաշխարության ու ներքին վերաիմաստավորման, և հիմնականում հանդես են գալիս «մենք լավն ենք, Նիկոլը՝ վատը» կամ (առավել տարածված տարբերակը) «Նիկոլը վատն է ու կործանում է ամեն ինչ» թույլիկ ու չաշխատող թեզերով: Անկախ նրանց կողմից ասվածի իրականությանը համապատասխանող դոզայից՝ ուշադրության է արժանանում այն, թե ո՞ր բերաններն են ճշմարտությունն ասում: Մինչդեռ Նիկոլը, բավականին սխալական լինելով, իրեն թույլ չի տալիս ժողովրդի համար անընդունելի համարվող բացասական արարքների դրսևորում: 

Իհարկե, ընդդիմադիր հիմքերից հանդես եկողների մեջ շահեկանորեն աչքի են ընկնում Շարժման իշխանության տարիներին բարձր պաշտոններ զբաղեցնող մի շարք քաղաքական գործիչներ, որոնց խոսքը մտածող շրջանակներում լուրջ ազդեցություն է թողնում, բայց սա ոչ թե քիչ է, այլ բավարար չէ, քանի որ խոսքին գործը պետք է կցվի, ինչում ընդդիմությունը չի կարողանում հաջողություն ունենալ: 

Ծանրության կենտրոնի հաշվարկը ի սկզբանե սխալ է գնացել, և հակակշիռը կառուցվում է անարդյունավետ: 

Ինչքան էլ Փաշինյանը նահանջ ապրի, հայկական ժողովրդական գիտակցության մեջ դժվար հասնի այն կարմիր գծերին, որոնք վաղուց հատել են նախկինները: Եվ սրա վրա խաղադրույքը դնելը պոտենցիալ չունի: Ինչպես նաև հարձակվել նորերի վրա հին խաղացողների ցանկով, որոնց մի մասը քաղաքականապես զոհված են կամ շարքից դուրս եկած և կամ էլ՝ բարոյապես մաշված (ուղղակի չեն ընդունում այս ամենը) չի կարող հաղթանակ բերել: 

Հայաստանի այսօրվա կառավարչակազմի երկու տարվա հետագծի ուսումնասիրումը բերում է այն մտքին, որ դա իր էությամբ իշխանական չէ և քաղաքականապես սխալական է: Բայց գործող ընդդիմության ձախողումը կհանգեցնի այն բանին, որ լուրջ ռեսուրսի պարագայում ՕԳԳ-ն ցածր ստացվեց, և իշխանափոխականներին հասցրած վնասը վերջնական չեղավ, ինչի արդյունքում Փաշինյանն ու թիմը շարունակելու են պաշտոնավարել, և մինչև ընդդիմադիր դաշտում վերադասավորումներ լինեն ու անցում նոր հարձակման, Նիկոլն ու յուրայինները կփակեն առաջին փուլը: Այստեղ, իհարկե, չեն մտնում ֆորս-մաժորի ու դավադրության հնարավոր հանգամանքները. դա՝ այլ նյութի թեմա: Մինչդեռ ցիկլը ամբողջական փակելու խնդիր կա: Դրա հիմքը 2018 թ. իշխանափոխությունն էր և իշխանափոխականների ապաշնորհ կառավարումը: 

Ոչ թե երրորդ ուղու, այլ երրորդ ուժի առաջ քաշման անհրաժեշտությունը քաղաքական դաշտի համար այսօր սնուցող ջրի դեր կխաղա, քանի որ նորերի ու հների ոտքերի տակ պոլիտիկայի բեկբեկված մակերեսին չորացում է սպառնում. հները նույնն են, նորերը՝ անպտուղ, այսինքն՝ սիկտիրչի: Չփակելով նախկինների դերը, գոյությունն ու գործունեությունը` Նիկոլն ու փաշինյանականները իրենք են դառնում ավարտման ենթակա սուբյեկտ: Նրանց միակ արժանիքը լինելու է 2018 թ. իշխանափոխությունը, իսկ տապալման բնութագրիչը՝ համապարփակ անբաշարությունը: Երկու միավորների ցիկլային վերջակետը բխում է պետության շահերից և մտնում է քաղաքագիտական տրամաբանության մեջ: 

Այսօր Հայաստանը ներքին հարցերի կարգավորման համար դանդաղելու ժամանակ չունի. դրա առհավատչյան հանդարտ ընթացքը մերժող համաշխարհային տեմպի գոյությունն է, ու ներքին խառնամբոխ մթնոլորտը թուլացնում է դիմադրության ուժը: Եվ որպեսզի հետին խելքով նորից չսկսենք կորուստներից հետո եղած կտորները պահելու պայքարը, պետք վերափոխման ենթարկել միջավայրը ու քաշել լուսանցքը, զիբիլի տարանները դնել և փառքի պատվանդանը կառուցել ու արժանիների սահմանումները տալ: Թույլերը դատապարտված են ոչնչացման, ստորները՝ նզովքի, անարժանները՝ արհամարհանքի և հերոսներն ու նվիրյալները՝ գովքի, հարգանքի, ուժեղները՝ ամեն ինչ վերցնելու: 

Կատարելով դարձ ի շրջանս յուր ու թափ հավաքած ճշմարիտ հիմքից սկսելը կվերադարձնի մեզ հաղթության արահետ, կապահովի քեզ հետ հաշվի նստելու հանգամանքն ու ուժ կտա եկող աշխարհաքաղաքական և ռեգիոնալ արհավիրքներին ոչ միայն դիմադրելու, այլև՝ սպառնալու: 

Ի վերջո, ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում, մենք մի անգամ մեր կռիվը պիտի մինչև վերջ տանք: 

Ռուբեն Վարդանյան 
պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ