Անցկացվել են 10-րդ հայ-գերմանական ռազմաքաղաքական խորհրդակցությունները

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 20, 24News

Thumbnail

Երկու օր՝ նոյեմբերի 19-20-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Լևոն Այվազյանի և ԳԴՀ պաշտպանության նախարարության Միջազգային անվտանգության քաղաքականության և երկկողմ հարաբերությունների վարչության պետ, ԳԴՀ ՌԾՈՒ 1-ին կարգի կապիտան Աքսել Ռիշտաուի համանախագահությամբ անցկացվել են 10-րդ հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները:

Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ներկայացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշումները անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող միջազգային զարգացումների վերաբերյալ:

Լեւոն Այվազյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը եւ առկա խնդիրները, պաշտպանական քաղաքականության մոտեցումները դրանց կարգավորման ուղղությամբ:

Գերմանական կողմն իր հերթին ներկայացրել է եվրատլանտյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, առկա սպառնալիքները եւ տարածաշրջանի երկրների մոտեցումները:

Քննարկվել են նաեւ պաշտպանության ոլորտում հայ-գերմանական երկկողմ համագործակցության ծրագրերը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ շրջանակներում բազմակող ձեւաչափերով համագործակցության հեռանկարները: