Կա՞ փաստաթուղթ, որով Ադրբեջանին պետք է փոխանցել Արցախի ազատագրված շրջանները. «Սասնա Ծռեր»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

սասնա

«Սասնա Ծռերի» Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել՝ խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին և ԱԺ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին:

«Հարգելի՛ պարոնայք, վերջին օրերին Հայաստանի Հանրապետության լրատվական տիրույթում շրջանառվում է տեղեկություն, որ 2016 թ. հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության անունից Մինսկի խմբի համանախագահողներին պաշտոնական գրությամբ փոխանցվել է Արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կնքելու համար կազմված փաստաթղթի նախագիծ (այսուհետև՝ փաստաթուղթ), որի մեջ նախատեսվում է.

1) Արցախյան հակամարտությունը լուծել այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիման վրա և, ըստ այդմ՝ Ադրբեջանական կողմին փոխանցել Արցախի ազատագրված շրջանները՝ բացառությամբ Լաչինի միջանցքից,

2) ազատագրված տարածքներից դուրս գալու պարագայում Հայկական կողմին հատկացնել հինգ միլիարդ ԱՄՆ դոլար գումար:

Հաշվի առելով այս տեղեկության ռազմավարական կարևորությունը մեր պետության և ժողովրդի համար, պահանջում ենք պատասխանել հետևյալ հարցերին.

1) արդյոք իրականությանը համապատասխանու՞մ է վերը նշված տեղեկությունը,

2) եթե՝ այո՛, ապա.

• ինչո՞ւ մինչ օրս գաղտնի է պահվում փաստաթուղթը,

• մինչ օրս ի՞նչ քայլեր են ձեռնարկվել գումարի դիմաց Արցախի ազատագրված տարածքները հանձնելու նախաձեռնության, ինչպես նաև այն արտացոլող հիշյալ փաստաթղթի հեղինակներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,

• ԱԺ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովն իր ձեռքի տակ ունեցե՞լ է արդյոք փաստաթուղթը և, եթե ունեցել է, ապա արդյոք իր գործունեության մեջ և զեկույցը կազմելիս հաշվի առե՞լ է դրա առկայությունն ու բովանդակությունը:

Նկատի ունենալով դիտարկվող հարցերի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, պահանջում ենք հնարավոր սեղմ ժամկետում ներկայացնել դրանց պատասխանները, ինչպես նաև փաստաթղթի առկայության դեպքում հրապարակել այն։

Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

18 սեպտեմբեր 2020 թ., Երևան»,-նշված է հայտարարությունում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս