Նախարարն ո՞վ է, որ կարող է կամայական որոշում կայացնել. Թամամյանը վարչապետին հրավիրել է ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ակ

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է արյունաբանական կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակին՝ համոզմունք հայտնելով, որ վարչապետին սխալ տեղեկատվություն են տվել բժիշկների՝ աշխատանքից ազատման դիմում գրելու վերաբերյալ:

«Պետք է շնորհակալություն հայտնեմ վարչապետին, որ գիտակից որոշում կայացրեց՝ ելնելով մեր պետության և ժողովրդի շահերից», - բժիշկների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին և վարչապետի՝ սեպտեմբերի 17-ի որոշմանը, հայտարարել է Գևորգ Թամամյանը, ապա հավելել, որ հասկանում է, թե վարչապետն ինչու է իր գրառման երկրորդ մասը գրել։

«Նա նշել է, թե պետք է ստուգել տպավորությունների և իրականության հարաբերությունները: Այո՛, լիովին համաձայն եմ, և առանց որևէ հետին մտքի, վարչապետին հրավիրում եմ այցելել այս կենտրոն, ծանոթանալ կատարվող աշխատանքներին։ Այն, ինչ արվում է, արվում է անձայն, առանց որևէ աղմուկի, առանց բարձրաձայնելու, արվել է տասնամյակներ շարունակ...

Լիովին համոզված եմ, որ թյուր տեղեկություններ են հաղորդվում։ Եթե նա գա մեր կենտրոն և մեր աշխատակիցների հետ ծանոթանա, երեկվա մեր հաղթանակը կհամարի առաջին հերթին իր հաղթանակը», - ասել է Թամամյանը։

Բժիշկն անդրադարձել է նաև մեկնաբանություններին, թե բժիշկները «սաբոտաժ» են արել, բայց Թամամյանը վստահեցնում է, որ աշխատակազմում ոչ մի պայմանավորվածություն չի եղել:

«Ի՞նչ է նշանակում սաբոտաժ, եթե մարդիկ իրենց իրավունքների համար պայքարում են, դա նշանակո՞ւմ է սաբոտաժ։ Նույն բժիշկները չէին դուրս եկել փողոց, դա՞ էլ էր սաբոտաժ։ Հեղափոխության ամենամեծ ձեռքբերումն այս դահլիճում է։ Այս օրը պատմական է ոչ միայն բժշկության, այլև՝ քաղհասարակության համար։

Նախարարն ո՞վ է, որ կարող է կամայական որոշումներ կայացնել, մեր հարկերից վճարվող մեկն է։ Կամայականությունները տեղ չպետք է ունենան»,-ասել է Թամանյանը, ապա հույս հայտնել, որ այսուհետ եթե որև ոլորտում մասնագետները կկարողանան միավորվել և բարձրաձայնել իրենց խնդիրը որևէ հարցի շուրջ: Նա նաև հավելել է, որ պատմության ընթացքում չի եղել 1 հիվանդ կամ հիվանդի ծնող, որ չհասկանա բժիշկների քայլը:

Գևորգ Թամամյանը նաև ափսոսանք է հայտնել, որ Աննա Հակոբյանը դադարեցնում է «Ժպիտների քաղաքի» հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։

Հիշեցնենք՝ առողջապահության նախարարությունը որոշել էր դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։ Գևորգ Թամամյանից հետո աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել նաև կենտրոնի աշխատակազմը՝ բժիշկները, բուժքույրերը, հոգեբանները, մանկավարժները, մայրապետները։ Ավելի ուշ սակայն Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ հանձնարարել է երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրեն աշխատանքային պայմանագիրը:

--00—ԼՄ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս