Մնջախաղի թատրոնի հարցը լուծվում է․ Դադասյանն ու Մակունցը եկել են համաձայնության

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Մշակույթի նախարարությունը նոր հասցե է առաջարկում Երևանի մնջախաղի պետական թատրոնի համար։ Տարածքը գտնվում է Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում՝ Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային հատվածում, որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, չնայած մեծ ոգևորությանը, թերահավատորեն է վերաբերում բանավոր պայմանավորվածությանը՝ նշելով, որ անհամբերությամբ է սպասում ժապավենը կտրելուն։

«Մշակույթի նախարարն ինձ անակնկալ արեց։ Տարբերակ առաջարկեցին, որը շատ լավն է։ Այն Պատանի հանդիսատեսի թատրոնի կողքին է, նախկին զինկոմիսարիատն է, հետո Սպայի տուն դարձրին։ Շենքի երկու հարկն են ուզում մեզ տրամադրել, որը լրիվ մեզ բավարար է»,- 24News-ի հետ զրույցում մանրամասնեց Դադասյանը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշում է, որ շենքը վերանորագման կարիք ունի, բայց, իհարկե, սա ավելի հեշտ կլինի անելը, քան նախորդ տարածքը։

«Սա շատ լավ տարբերակ է, գոնե առաջարկ է, բայց մինչև ժապավեն կտրելը ժամանակ և միջոցներ պետք է ներդրվի։ Պետք է աշխատել, առնվազն 1,5 տարվա գործ է, բայց մենք չենք տրտնջում։ Վերելակ չկա, պետք է նորոգվի, դահլիճ ու բեմ սարքվի։ Բայց սա, իհարկե, ավելի հեշտ կլինի անելը, քան մեր նախորդ տարածքը»,- նշեց նա։

Թե որքան գումար է հարկավոր շենքի լիարժեք վերանորոգման համար, ըստ Դադասյանի, դեռևս հստակեցված չէ։ Հարկավոր է հասկանալ, թե ինչ փոփոխություն և կահավորում  է հարկավոր, իսկ դրա համար տենդեռ պետք է արվի։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին առաջարկել է դիմել նաև քաղաքապետարանին և Երևանի գլխավոր ճարտարապետին, որպեսզի նրանք ևս մասնակից դառնան գործընթացին։

«Շենքը կրկին հուշարձան է և կարևոր է քաղաքի համար, մշակութային օջախ է լինելու, այնպես չլինի, որ տենդեռ հայտարարվի, հետո մեկ այլ կազմակերպություն ավելի մատչելի գնով շահի այն, և ընկնենք կրակը»,- ասաց Դադասայանը։

Հիշեցնենք, որ Երևանի Մնջախաղի պետական թատրոնի համար մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանագրով Գևորգ Քոչար 21 հասցեն՝ Ազգային գրապալատի տարածքը, տրվել էր թատրոնին։