Ադրբեջանը գերագնահատել էր իր կարողությունները. ԱԳ նախարարը՝ հուլիսյան դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News   

զոհրաբ մնացականյան.jpg

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «ալ-Ախբար» թերթին: Հարցին՝ որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների պատճառները, ԱԳ նախարարը պատասխանել է.

«Կան բազմաթիվ պատճառներ, սակայն առանցքայինն այն է, որ սա Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանին և Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու նոր փորձ էր: Այս առումով, սակայն, ավելի կարևորն այն է, որ Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատել էր իր կարողությունները, որոնք ներկայումս չեն համապատասխանում իր հայտնի նպատակներին:

Սա ադրբեջանական կողմի փորձն էր` ռազմական առավելություն դրսևորելու Հայաստանի և Արցախի նկատմամբ, որը, ակնհայտորեն, ձախողվեց: Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին Հայաստանի կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմանները: Ավելին, հուլիսյան մարտերը վառ կերպով ցույց տվեցին, որ հակամարտութունը չի կարող ունենալ ռազմական լուծում»:

Լրագրողը հետաքրքրվել է՝ ի՞նչ դեր ունի Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության բորբոքման հարցում:

«Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին ոչ միայն մեր, այլև իր բոլոր հարևան տարածաշրջաններում: Ուժի, ներթափանցման և միջամտության դրսևորմները Հարավային Կովկասի տարածաշրջանում չեն նպաստում ինչպես հակամարտության խաղաղ կարգավորմանը, այնպես էլ՝ տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:

Հուլիսյան մարտերի ընթացքում Թուրքիան միակ երկիրն էր, որը միակողմանի աջակցում և քաջալերում էր Ադրբեջանի առավելապաշտական ​​մոտեցումները: Այդ աջակցությունը ուղեկցվում էր Հայաստանի և հայ ժողովուրդի հանդեպ ագրեսիվ կեցվածքով.

Նախ, Թուրքիան հրապարակավ խրախուսում է Ադրբեջանին ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ բացահայտորեն հայտնելով իր աջակցությունն Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական առումով: 

Երկրորդ, Թուրքիան Հայաստանի դեմ ռազմատենչ կեցվածք դրսևորեց` նախաձեռնելով լայնամասշտաբ զորավարժություններ Հայաստանի և Արցախի անմիջական հարևանությամբ, որոնք ուղեկցվեցին չափազանց սադրիչ գործողություններով:

Երրորդ, մենք ականատես ենք լինում Ադրբեջանում թուրքական ռազմական շարունակական կուտակման, ինչն ամրապնդում և ընդլայնում է Թուրքիայի հետագա ներկայությունը: 

Չորրորդ, տեղեկություններ են շրջանառվում Սիրիայում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման մասին՝ Ադրբեջան տեղափոխելու նպատակով:

Մենք քաջատեղյակ ենք այլ տարածաշրջաններում Թուրքիայի նմանօրինակ գործելաոճի հետևանքներից, որոնք մեծ տառապանք պատճառեցին տվյալ տարածաշրջաններում ապրող ժողովուրդներին: Ուստի, մենք պետք է շատ զգոն լինենք՝ պահպանելու և ամրապնդելու տարածաշրջանային խաղաղությունն ու անվտագությունը»,- պատասխանել է Մնացականյանը:

--00--ԱԹ