Արդարացված և անկեղծ չեն մեղադրանքները, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News   

Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «ալ-Ախբար» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի հայտարարություններին՝ ԱՄՆ Կոնգրեսի, Ֆրանսիայի Սենատի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: 

«Միակ փաստը, որը մենք դիտարկում ենք և որը պետք է դիտարկվի, այն է, որ հատկապես վերջին շրջանում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ձախողվել է: Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը նշանավորվել է թե՛ իր շարունակականությամբ, և թե՛ հարցի ընկալման փոփոխությամբ:

Ճշմարտության, պատմական արդարության և մարդու իրավունքների համար մղվող այս պայքարը շարունակվում է մի քանի տասնամյակ և ծավալվել է բոլոր մայրցամաքներում։ Ավելին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կա նոր կարևոր հարթություն, այն է՝ Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջանների և ժողովուրդների անվտանգությանը սպառնացող քաղաքականությունը: Ոչ ոք չի ցանկանում, որպեսզի պատմությունը կրկնվի, և մենք պետք է ոչ միայն ընդունենք անցյալը, այլև կանխենք նոր ոճրագործությունների փորձերն այսօր և ապագայում: Ցեղասպանությունն արդարացնող և ինքնությամբ պայմանավորված բռնություններ իրագործող ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերող պետությունը և դրա ղեկավարությունը սպառնալիք են, և պետք է հստակ մատնանշվեն որպես այդպիսին»,- ասել է նա:

Լրագրողի խնդրանքով նախարարը նաև անդրադարձել է Ադրբեջանի մեղադրանքներին, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին:

«Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, և մեր հարաբերությունները զարգանում են դաշնակցային հարաբերություններին հատուկ տրամաբանությամբ: Ռուսաստանը նաև Ադրբեջանի ռազմական տեխնիկայի և սպառազինության հիմնական մատակարարն է, ուստի այդ մեղադրանքներն արդարացված և անկեղծ չեն»,- պատասխանել է նախարարը: 

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ:

--00--ԱԹ