2022 թվականին Արցախի ԱԺ նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի բերդաքաղաք Շուշի

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19,  24News   

Արցախ

2022թ.-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի բերդաքաղաք Շուշի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

«Ուրախ եմ, որ Խորհրդարանի ամբիոնից շաբաթներ առաջ հնչեցրած առաջարկիս ի պատասխան արդեն ստացել եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արդարություն» խմբակցությունների դրական արձագանքը: Կարծում եմ՝ ԱԺ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց գործընկերների դիրքորոշմանը:

Շուշի կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում քննարկել ենք այն հնարավորությունը, որ Խորհրդարանին հատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները, հանձնարարականիս համաձայն, կվերսկսվեն շուտով:

Կարծում եմ՝ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ մեր պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն»:

--00—ՄՀ