Վանաձորում պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. բացահայտում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Օգոստոսի 31-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 20-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի մի ընկերության տարածքից գողացել են մալուխ:

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Ոստիկաններն ուսումնասիրել էին՝ որտեղից և ինչպես էր կատարվել գողությունը, կազմել էին արձանագրություն։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսեցին։ Եվ նախաքննական մարմնի աշխատակիցների հետ համատեղ միջոցառումներով շուտով տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել է ընկերության պահեստապետը՝ Վանաձորի Մոսկովյան փողոցի 26-ամյա մի բնակիչ։

Սեպտեմբերի 15-ին կասկածվողը բերման ենթարկվեց և ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին։ Նա խոստովանել է, որ իր նյութական պատասխանատվության տակ գտնվող ընկերության պահեստարանից գողացել է տարբեր տեսակի մալուխներ՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ մոտ 8.000.000 դրամի վնաս:
Հանգամանքները պարզվում են։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00—ԼՄ