Գեղարքունիքում Փաշինյանի քարոզչությամբ զբաղվելը վարչական ռեսուրսի կոպիտ դրսևորում է. ՀՀԿ

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է: 

Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական ընտրական շտաբի հայտարարության մեջ։

«Այսպես` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳԻ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման և կանխարգելման համատեղ ցուցումների» համաձայն՝ «վարչական ռեսուրսի չարաշահումը» որոշակի կուսակցությունների կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով անհիմն առավելություն ստանալն է՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով»:

Վենետիկի հանձնաժողովի 2013 թվականի «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ» զեկույցը, ինչպես նաև վերոնշյալ համատեղ զեկույցը սահմանում են, որ «Ընտրական գործընթացի տակ պետք է հասկացվի շատ ավելի լայն ժամանակահատված, քան ազգային ընտրական օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության շրջանը»: Այն ներառում է նաև կուսակցությունների կամ թեկնածուների գրանցման շրջանը:  

Այդ փաստաթղթերում որպես վարչական ռեսուրսի չարաշահման օրինակներ են նշվում պաշտոնական միջոցառումները քարոզչական նպատակներով օգտագործելը կամ ինստիտուցիոնալ ռեսուրսները օգտագործելը` աշխատակազմ, ենթակառուցվածքներ, և այլն: Նշվում է նաև, որ չի արգելվում աշխատանքային ժամերից դուրս քարոզչություն անելը:

Ն. Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ:

Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով այլ գործով»,– ասվում է ՀՀԿ կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։