Միասնաբար կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները և կառուցել ժամանակակից պետությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։

«Մաղթում եմ աշխարհասփյուռ հայությանը, որպեսզի մեր ընդհանուր տանը՝ Հայաստանի Հանրապետությունում, տիրեն համերաշխությունը, միասնությունը, խաղաղությունն ու բարեկեցությունը։

Այսօր, մեր Անկախության 30-ամյա հոբելյանից ընդամենը մեկ տարի առաջ, գնահատելով անցած ճանապարհը, մենք պետք է գիտակցենք, որ առջևում հայկական պետականության ամրապնդման ոչ պակաս դժվարին շրջանն է։ Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մենք պարտավոր ենք մտածել միաժամանակ և՛ արդիականացման, և՛ մեր ազգային ինքնության պաշտպանության հուսալի մեխանիզմների մասին։

Անհրաժեշտություն է դառնում Հայաստանի բազմակողմանի զարգացման իրատեսական ծրագրի ստեղծումը։ Ապագային միտված մի ազգային նախագծի, որի իրականացումն արդեն առաջիկա տարիներին կապահովի մեր քաղաքացիների բարեկեցությունը, Հայաստանի և Արցախի հուսալի անվտանգությունը։ 

Չեմ կասկածում, որ մենք միասնաբար կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները և կառուցել Հարավային Կովկասի ամենակազմակերպված, պաշտպանված և ժամանակակից պետությունը»։

--00—ՄՀ