Ազգային իղձերի իրականացման երաշխիքը ՀՀ-ի, Արցախի և ողջ սփյուռքի միասնականությունն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

քաղաքական

ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներին միացել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը.

«Սիրելի´ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում բոլորիդ առողջություն և երջանկություն:

Ներկա բարդ պայմաններում Հայաստանը կարողացել է ապահովել իր անվտանգությունն ու սոցիալ-տնտեսական կայունությունը, մյուս կողմից՝ հանդես գալ տարածաշրջանում և աշխարհում որպես խաղաղության ու երկրների միջև փոխշահավետ համագործակցության ջատագով:

Հայաստանի և Իրանի հարաբերությունները եղել և մնում են բարեկամական և գործընկերային: Մեր երկրները կորոնավիրուսային համավարակով պայմանավորված աննախադեպ դժվարությունների պայմաններում կարողացան պահպանել համագործակցության բավականաչափ բարձր մակարդակ, և կասկած չկա, որ առաջիկայում հաջողությամբ կյանքի են կոչվելու բազմաթիվ համատեղ նախագծեր և ծրագրեր:

Այս տոնական օրը չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս համոզված գիտակցումը, որ մեր ազգային իղձերի և երազանքների իրականացման լավագույն երաշխիքը Հայաստանի, Արցախի և ողջ սփյուռքի միասնականությունն է:

Սիրելի´ հայրենակիցներ, մաղթում եմ բոլորիդ խաղաղություն և բարեկեցություն, մեր պետությանը՝ զարգացում և բարգավաճում:

Բարին ընդ ձեզ»,-նշված է ուղերձում:

--0--ԿԿ