Նիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հեռանա. Վիտալի Բալասանյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Վիտալի Բալասանյան

Պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանը սպասի՝ բողոքի ալիքները բարձրանան, նա պետք է կամավոր հեռանա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը: Հարցին՝ ո՜վ և ինչպիսի՜ն պետք է լինի հաջորդ իշխանությունը, Բալասանյանն անուններ չտվեց, նշեց՝ դա ՀՀ քվեի իրավունք ունեցող մարդը կարող է ասել:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ է հանդիպումներ ունենալ քաղաքական գործիչների հետ, Բալասանյանը պատասխանեց, որ պատրաստ է հանդիպել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկություն կհայտնեն՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

«Ես խնդիր չունեմ հանդիպելու»,- ասաց նա: 

Բալասանյանը նաև անդրադարձավ ՀՀ վարչապետի և ԲՀԿ առաջնորդի միջև հեռակա «փոխհրաձգությանը»:

«Պետական պաշտոն զբաղեցնողներին, բարձր ամբիոններից խոսողներին կարելի է ամոթանք տալ. չի կարելի այդպես խոսել. մարդիկ ընկերներ ունեն, երեխեք ունեն, թոռներ ունեն: Աշխարհում երևի եզակի է Նիկոլ Փաշինյանը, որ ամեն օր լայվ է անում, դա շատ վտանգավոր է նախ իր համար՝ որպես անձ, հայ, վարչապետ»,- ասաց նա:

Բանակի մարտունակությանն անդրադառնալով՝ Բալասանյանը նկատեց՝ բանակն այնպիսի օղակ է, որն ամեն վայրկյան, ամեն օր, ամեն տարի դեպի բարելավում է գնում, և ի տարբերություն այլ կառույցների՝ ունի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլան: Նրա խոսքով՝ չի կարելի ասել, որ նախկինում ոչինչ չի եղել:

«Փաշինյանը բանակը հիմա թող զորացրի, նոր բանակ հավաքի, տեսնեմ՝ կարո՞ղ է»,- նշեց Բալասանյանը:

--00--ԱԹ