Մոսկվայում կալանավորված հայերի ազատությունը կարող է արժենալ 3 ու կես միլիոն ռուբլի

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  22,  24News   

Մոսկվա

Մոսկվայում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված 8 ՀՀ քաղաքացիներից 7-ի դատավարությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Նիկուլինսկի քաղաքային դատարանում: Մյուսի վերաբերյալ գործը քննվում է առանձին Լյուբերցի մերձմոսկովյան շրջանի դատարանում եւ դեռ գտնվում է նախաքննության փուլում: Այս մասին գրել է Armtimes.com-ը։ 

7 ՀՀ քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը): Նրանք ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը:

Արդեն երկու ամիս կալանավայրում գտնվող երիտասարդները 23-27 տարեկան են: Մոսկվա են եկել արտագնա աշխատանքի նպատակով եւ մինչ դեպքը աշխատում էին շինհրապարակում, որը գտնվում է «Բակինսկի դվորիկ» ռեստորանի հարևանությամբ: Ապրում են նույն շինհրապարակում, որտեղ աշխատում են: Տեսնելով BMW-ի վրա ադրբեջանցիների կողմից հարձակման հայտնի տեսանյութը՝ տղաները վրդովվել են, որից հետո էլ տեղեկացել են «Արմյանսկի Դվորիկ» խանութի վրա ադրբեջանցիների կատարած հարձակման մասին, ինչը եղել է համբերության վերջին կաթիլը: Նրանք որոշել են ինչ-որ պատասխան գործողություն կատարել և քարերով ջարդել են իրենց շինհրապարակի հարևանությամբ գտնվող ադրբեջանցիներին պատկանող «Բակինսկի Դվորիկ» ռեստորանի պատուհանը:

Գործով 8-րդ կալանավորվածը ևս խուլիգանության համար է մեղադրվում, սակայն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Այդ նույն՝ BMW-ի վրա հարձակման օրը Լյուբերցի մերձմոսկովյան շրջանում հավաքվել է տեղի հայերի հետ, ավտոշարասյուն կազմակերպել հայկական դրոշներով՝ ի նշան բողոքի: Լուսաֆորի տակ կանգնած ժամանակ ադրբեջանական խանութի բակում հավաքված մի խումբ ադրբեջանցիներ հայհոյանքներ են հնչեցրել հայերի ու հայկական դրոշի հասցեին, նրանք էլ դուրս են եկել մեքենայից: Ադրբեջանցիները, սակայն, լցվել են խանութի տարածք ու փակել դուռը: Հայ տղաներից մեկը աղբի դույլով հարվածել է այդ խանութի ապակուն ու ջարդել այն: Նա Ռուսաստանի քաղաքացի է:

Մեղադրյալների, ինչպես նաև «BMW-ի գործով» տուժող Էրիկ Անանյանի և Գարիկ Գրիգորյանի պաշտպանության գործով զբաղվում են «Մոսկվայի հայ իրավաբանների և փաստաբանների ասոցացիայի» իրավապաշտպանները: Ասոցացիայի փոխնախագահ Ժան Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ 7-ի գործով նախաքննությունն ավարտվել է, տեղի է ունեցել միջանկյալ դատավարություն, և սեպտեմբերի 29-ին տեղի կունենա հիմնական դատը:

«Մեր ասոցացիայի իրավաբանները այս դեպքերի հետ կապված ընդհանուր առմամբ վարել են 45 քաղաքացու գործ: Մեծ մասին բաց են թողել հենց առաջին օրը, մի մասին իրավաբանների ջանքերից հետո հնարավոր է եղել ազատ արձակել փոքր տուգանքով: Հիշյալ 8 քաղաքացիների հետ կապված, ցավոք, չի հաջողվել նման ելքի հասնել: Մենք սկզբում նույնիսկ փորձեցինք նրանց համար տնային կալանք ապահովել: Մեր աշխատակիցներից շատերը իրենց բնակարանները առաջարկեցին դատարանին, որտեղ տղաները կարող էին էլեկտրոնային թևնոցներով բնակվել մինչև դատավարությունը, սակայն դատարանը մերժեց: Հույս ունենք, որ դատարանը հաշվի կառնի այն հանգամանքը, որ մարդիկ նախկինում դատված չեն եղել, ոչ մի անգամ նման պատմությունների մեջ նկատված չեն եղել, շինարար մարդիկ են, որոնք կոնկրետ մոտիվացիայով են գնացել տվյալ գործողություններին՝ խանութի ապակի կոտրելուն: Նրանց պատճառած նյութական վնասը նույնիսկ չնչին է, որը արդեն փոխհատուցվել է: Խուլիգանության հոդվածը նախատեսում է մինչև յոթ տարի ազատազրկում, իսկ ամենամեղմացուցիչ պատիժը տուգանքն է՝ մոտ 500 հազար ռուբլի յուրաքանչյուրի համար»,- ասաց Ժան Մարտիրոսյանը:

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ եթե դատարանը որոշի 500 հազար ռուբլի տուգանքի դիմաց ազատ արձակել կալանավորված երիտասարդներին, ապա, միևնույն է, նրանք ի վիճակի չեն վճարելու այդ գումարը:

«Տուգանքը որպես պատժամիջոց կիրառելու դեպքում ամենակարևոր պահն այն է, որ դատարանը պետք է համոզված լինի, որ նման դատավճիռ կայացնելուց հետո այն կիրականցվի, այսինքն՝ տուգանքը կվճարվի, իսկ որպեսզի նման վստահություն լինի, այդ գումարը պետք է նախապես փոխանցված լինի դատարանի հաշվեհամարին, քանի որ դատավորի համար ռիսկային է կայացնել նման դատավճիռ, եթե նա վստահ չէ, որ տուգանքը կվճարվի: Այդ դեպքում կստացվի, որ մարդը հանցագործություն է գործել, նրա նկատմամբ կայացվել է դատավճիռ, բայց սահմանված պատիժը չի կիրառվել: Եվ եթե դատարանը հօգուտ տուգանքի չկայացնի վճիռը, ապա հաշվեհամարին եղած գումարը հետ կգնա փոխանցողին: Յոթ հոգու գումարը կազմում է 3 ու կես միլիոն ռուբլի: Հստակեցնելու համար նշեմ, որ դա չի նշանակում, թե եթե հիմա այդ գումարը փոխանցենք դատարանի հաշվեհամարին, դատարանը անպայման որոշում կկայացնի տուգանքի օգտին, բայց դա շանս է, որը մեր պաշտպանները ցանկանում են կիրառել, սակայն գումարը այս պահին դեռ չկա»,- ասաց Ժան Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքերով՝ իրավաբանների ասոցացիան նամակներով դիմել է տարբեր հայերի, նաև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, խնդրելով, որ դեսպանը նույնպես այդ նույն մարդկանց ուշադրությունը հրավիրի խնդրի վրա, սակայն ոչ մեկից ոչ մի արձագանք դեռ չի ստացվել:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուրս պարտավոր ենք աջակցել այդ մարդկանց, քանի որ նրանք հանցագործության են գնացել ակամա ու հայրենասիրական զգացմունքներից դրդված: Նրանց գործողությունները, չնայած հանցանք լինելուն, ինչ-որ առումով զսպող ու սթափեցնող ազդակ են հանդիսացել ադրբեջանական խուլիգանական տարրերի համար այն առումով, որ նրանք հասկացել են, որ հայերը անողնաշար չեն, կարող են համախմբվել ու հակահարված տալ: Նրանք ադրբեջանցիների պես մարդու գլուխ չեն ջարդել, բայց ցույց են տվել ատամ, կամք ու արժանապատվություն: Հիմա մենք պարտավոր ենք ամեն գնով օգնել այս մարդկանց»,- եզրափակեց պարոն Մարտիրոսյանը:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ են խնդրին, հետևում են գործընթացին, սակայն ՀՀ դեսպանությունը կամ Հայաստանի Հանրապետությունը չունեն գործիքակազմ՝ միջամտելու այլ երկրի տարածքում ընթացող դատական գործընթացներին: Ինչ վերաբերում է հնարավոր տուգանքի համար սահմանված գումարի հավաքմանը, ըստ դեսպանի, իրենք բարձրացրել են այդ հարցը, տեղեկացրել են, կոչ են արել մի շարք կարող մարդկանց, որ նրանք հնարավորության սահմաններում օգնեն այդ հարցում, սակայն պատշաճ արձագանք դեռևս չկա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՄՀ