Տղամարդն աղաթթուն լցրել է նախկին կնոջ դեմքին, ապա 7 անգամ դանակով հարվածել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 44-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում է  Քննչական կոմիտեն։ 

2018 թ. օգոստոսի 2-ին Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակչուհի՝ ծնված 1988 թվականին, կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքերի, գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքերի, ձախ նստատեղի շրջանի ծակած-կտրած վերքի ձևով վնասվածքներով, որոնք առաջ են բերել 2-3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկ և ձախակողմյան հեմոպնևմոթորաքսի զարգացման:

Դեպքի առթիվ 2018 թ. օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննություն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության հանգամանքերը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նա  Լոռու մարզի բնակիչ է՝ ծնված 1974 թվականին:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի օրը 44-ամյա տղամարդը, դռան սողնակը բացելու միջոցով մուտք է գործել նախկին կնոջ տուն, խանդի շարժառիթով, կնոջը կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր հետ նախօրոք վերցրած շշով աղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է նրա դեմքին և մարմնին, ապա դանակի 7 հարված հասցրել մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ կենսական կարևոր օրգաններին, կնոջ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: