ՀՀ ԱԳՆ-ն հիմք չի համարում Ադրբեջանի՝ Լավրովին վերագրվող հայտարարությունները ԼՂ խնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Աննա

ՀՀ ԱԳՆ խոսակ Աննա Նաղդալյանը 24News-ին մեկնաբանել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն լուրը, թե իբր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, և որ ՌԴ-ն կողմ է «օկուպացված 5 շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը տարածքում և տրանսպորտային կապի վերականգնմանը»։ Ըստ Բաքվի լրատվամիջոցների՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նման բան է ասել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ 

«Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»,- 24News-ին ասել է ԱԳՆ խոսնակը:

Նշենք նաև, որ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նույնպես բացակայում է ադրբեջանական կողմի՝ Լավրովին վերագրած հայտարարությունները։ 

--00—ԼՄ