Քոչարյանի «կոնսենսուս-1» սցենարի նպատակը Սերժ Սարգսյանին ու Ծառուկյանին դուրս մղելն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Պետք չէ բացառել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու սցենարը։ Դա նույնիսկ քաղաքական իմաստով նրան ավելի շատ ուժ կտա՝ եռյակի ձևաչափում զարգացումներն իր շուրջ պահելու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Ըստ նրա՝ Ծառուկյանին կալանավորելը բարոյական պարտավորություններ է առաջացնելու աջակցել նրան։ 

Բադալյանը կարծում է, որ քաղաքական իշխանութունը բավականին բարձր նշաձող է վերցրել Ծառուկյանի հետ հակամարտության առումով։

«Քաղաքական իշխանությունը ստիպված է լինելու պատասխանել հարցին, թե ինչպես է պատկերացնում ԲՀԿ-ի հետագա գոյությունը՝ դուրս մղել, թե թույլ տալ մնալ։ Եթե գտնում ենք, որ Ծառուկյանը արտաքին ճնշման տակ է ՀՀ-ում ինչ-ինչ քայլեր անելու, ապա Փաշինյանի կոշտ արձագանքը Ծառուկյանին ցույց է տալիս, որ իշխանությունը թույլ չի տա այդ քայլերն իրականացնել։

Եթե Ծառուկյանը ստիպված է հայտնվում այդ դերում, ապա ՀՀ իշխանության կոշտ արձագանքը ժամանակին կարող է կանխարգելել՝ որպեսզի նա չդառնա գործիք օտարերկրյա շահերի համար։ Կամ երկրորդ տարբերակը՝ վարչապետը դիտարկում է, որ Ծառուկյանը զիջող դերում է ընդդիմադիր մրցակցության շրջանակում և սրելով  իշխանության վերաբերմունքը  նրա հանդեպ փորձում է նրա դերը որոշակի բարձացնել՝ այդ համակարգում մրցակցությունն ապահովել իր համար անհրաժեշտ մակարդակի վրա»,- ասել է Բադալյանը։

Ըստ նրա՝ ընդդիմադիր  դաշտում կոնսենսուս չի լինի, իսկ Քոչարյանի «կոնսենսուս-1» սցենարի նպատակը նախկին համակարգին և դժգոհներին իր շուրջ համախմբելն է և մրցակիցներին դուրս մղելը, որպեսզի մրցակից չլինեն ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ  Գագիկ Ծառուկյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ