ԱԻՆ-ում քննարկել են սողանքային գոտիների բնակելի տների փոխհատուցման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

․

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է միջգերատեսչական օպերատիվ աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ այս աշխատանքային խումբը ստեղծվել էր 2019 թվականի հուլիսին՝ աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերցմանն ուղղված միջոցառումների կազմակերպման և այս առումով մասնագիտական ոլորտներից առաջարկությունների ստացման նպատակով:

Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալները, ՀՀ ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը:

Հերթական նիստի ընթացքում քննարկումներ են ծավալվել Երևանի Սարի թաղի, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքների սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների և սողանքների, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Մարտիրոս բնակավայրի սողանքային գոտում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի և բնակարանային խնդիրների հարցի շուրջ: Առաջարկվել է՝ ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով, քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկել Սարի թաղի, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքների բնակելի տների փոխհատուցման հարցը, դիմել Երևանի քաղաքապետարանին՝ Սարի թաղի սողանքային տեղամասերում համալիր երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու և հիմնավորված կանխարգելիչ աշխատանքների հաշվարկ-նախագծեր ներկայացնելու համար։ Ներքին Ծաղկավան համայնքի սողանքային տեղամասերի ուսումնասիրության հարցն Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրում և կիրականացվի 2021 թվականի ընթացքում։

Քանի որ տարիների ընթացքում վերոնշյալ բնակավայրերի տների վնասվածության աստիճանը ենթարկվել է փոփոխության,նախարար Ցոլակյանի կողմից առաջարկվել է դիտարկել նոր հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը։

Օրակարգային հարցերից մեկով անդրադարձ է կատարվել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ում և «Վանաձոր քիմպրոմ» ՓԲԸ-ում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարման խնդիրներին:

Նիստի մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվել են նաև ՀՀ տարածքում տեղակայված հրշեջ հիդրանտների վերանորոգման, պահպանման և նորերի տեղադրման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման նպատակով մշակվող պլանները:

Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Ֆելիքս Ցոլակյանն առաջարկել է ուսումնավարժություններ անցկացնել` դրանցում ընդգրկելով շահագրգիռ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ու բնակչությանը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս