Չձեռնարկվող քայլերի արդյունքում Սևանա լճի ծաղկման տևողությունը երկարում է. Վարագյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Վարագյան

«Կանաչ ապագա» շարժումը դեռ հուլիս ամսից պնդում էր, որ Սևանի «կանաչումը» ամռան ամիսներով չի ավարտվելու, և աշնանը սպասվում է Սևանի «կանաչման» երկրորդ փուլը: Հազար ու մի մասնագիտական հիմնավորում ներկայացրեցինք, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ինչպես պետության կառավարման մյուս ոլորտները, այս մեկը նույնպես անուշադրության մատնեց ու «գցեց ոտքին»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ասել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

«Ի՞նչ է նշանակում, որ Սևանը սկսել է «կանաչել» նաև աշնան ամիսներին: Բացատրեմ. սա վկայում է իրավիճակի վատթարացման և լճի ճահճացման գործընթացի շարունակության մասին: Չձեռնարկվող քայլերի արդյունքում ժամանակի հետ լճի ծաղկման տևողությունը երկարում է: Շրջակա միջավայրի նախարարի մասնագիտական գիտելիքների և ներկայիս իշխանության երկրի նկատմամբ պատասխանատվության բացակայության պատճառով է, որ երկրում այս չափի կարևորություն ունեցող հարցին գիտական ու փորձագիտական մոտեցում չի ցուցաբերվում: Կա հակառակ գործելաոճը` անսպառ շոուներ ու ճռճռան խոսքեր:

Մինչդեռ թե մենք` «Կանաչ ապագա» շարժումը, թե այլ մասնագիտական բնապահպանականան կազմակերպություններ բազմիցս բարձրաձայնել են, որ առաջնահերթ պետք է լուծվի ֆոսֆորի հարցը:

Պետք է կրճատվի լիճ մտնող ֆոսֆորի քանակը՝ ճահճացումից խուսափելու համար: Իսկ սրա աղբյուրները կեղտաջրերն են և հանքային պարարտանյութերը, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ` իրենց մեջ պարունակելով շատ մեծ քանակությամբ ազոտ և ֆոսֆոր, որոնք էլ վերջնարդյունքում հայտնվում են Սևանում ու բառի բուն իմաստով լճի ոչնչացման պատճառ են դառնում:

Հավատացնում եմ` Սևանի հիմնահարցը չափազանց լուրջ է: Ժամ առաջ կոնկրետ և կտրուկ լուծումներ են պահանջվում: Հիմա գերխնդիրը կենսաբանական մաքրման կայանների ստեղծումն է, ոչ թե քարաշեն կառույցների ապամոնտաժումը, այն էլ` պոպուլիստական նկատառումներից ելնելով:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` եթե անգամ ամենավերջին կառույցը ափամերձ տարածքից ապամոնտաժվի, միևնույն է Սևանը «կանաչելու է»: Օր առաջ, ժամ առաջ պետք է լուծվի կենսաբանական մաքրման կայանների հարցը»։

--00--ԱՀ