Վայոց ձորի կադաստրի մարզային 17 աշխատակից բաց նամակով դիմել են Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 21, 24News

Thumbnail

Վայոց ձորի մարզի կադաստրի մարզային ստորաբաժանման թվով 17 աշխատակից բաց նամակով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մեծարգո պարոն վարչապետ, մեր նամակ գրելու առիթը հանդիսանում է Ձեր 12.11.2018թ. 1500-Լ որոշումը, որի արդյունքում մենք՝ Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցներս, փաստորեն դեյուրե ունենում ենք աշխատանք, դեֆակտո մնում ենք անգործ, չնայած այն բանի, որ կոմիտեի ղեկավարը խոստանում է բոլորիս ապահովել աշխատանքով Երեւան քաղաքում:

Մենք աշխատակիցներով, թվով 17 հոգի, այսինքն՝ 17 ընտանիքի կերակրողներ, ստիպված պետք է լինենք ընտանիքի հացը ապահովելու նպատակով ամեն օր մեկնել Երևան՝ 120 կմ և նույնքան ճանապարհ հետ վերադառնալ, որը ֆիզիկապես ուղղակի անհնար է, կամ էլ տեղափոխվել Երևան՝ վարձակալված բնակարաններում բնակվելու համար՝ թողնելով մեր ընտանիքները: Միթե դա է մարզերի զարգացման ՀՀ կառավարության տեսլականը:

Մենք բոլորս տարիներ շարունակ աջակիցը եւ կատարողն ենք եղել կադաստրի համակարգի կայացմանը եւ գործառույթների իրականացմանը, հետայսու եւս պատրաստ ենք շարունակել այդ գործընթացները: Սակայն, պարոն վարչապետ, ամեն դեպքում ընտանիքի կացության ռիթմի փոփոխությունը հանգեցնում է նաեւ դրա քայքայմանը, ինչը կարծում ենք եւ վստահ ենք, որ Ձեր համոզմունքներին եւս չի համապատասխանում, քանի որ, հստակ համոզված ենք, որ Ձեր կայացրած որոշումը նպաստում է 17 ընտանիքների քայքայմանը: Փաստացի իրականություն է դառնում նախկին կառավարության մշակած արատավոր ծրագիրը՝ միավորել մարզային ստորաբաժանումները եւ դրանով ծանրաբեռնել մայրաքաղաքը՝ դատարկելով մարզերը:

Վայոց ձորի մարզը եւս լինելով սահմանամերձ եւ ունենալով աշխատատեղերի ապահովման մեծ խնդիր նույնպես կանգնած է դատարկվելու եզրին, խնդրում ենք առանձնահատուկ անդրադառնալ վերոնշյալ հարցին: 17 աշխատողներին բնակարանավարձով կամ ճանապարհածախսով ապահովելը ի՞նչ արդյունավետություն է տալու համակարգին, եթե ուզում ենք միջոցներ խնայել: Իսկ եթե նպատակը այս ձեւով կրճատումներ կատարելն է, ուրեմն ինչի՞ համար էր հեղափոխությունը:

Եւ վերջապես Հայաստանի Հանրապետությունում ցանկացած գույքի պետական գրանցում հնարավոր է կատարել Վայոց ձորի մարզային ստորաբաժանումից, քանի որ ունենք միասնական էլեկտրոնային համակարգ: Պարոն վարչապետ, ակնկալում ենք Ձեր օբյեկտիվ դիրքորոշումը որոշման փոփոխման վերաբերյալ»,- ասված է բաց նամակում:

Նշենք միայն, որ 2018 թվականի նոյեմբերի 12-ին, ՀՀ վարչապետի 1500-Լ որոշման 1-ին կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող Երեւանի տարածքային, մարզերի միավորված եւ Վայոց ձորի մարզային ստորաբաժանումները միաձուլել` ստեղծելով Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում»: