Մոսկվա-Հայաստան ծանրոցների փոխադրման գինը 3 անգամ կնվազի․ նոր համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ծանրոց

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվել է համաձայնագիր, որը թույլ կտա հոկտեմբերի 1-ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը նվազեցնել շուրջ 3 անգամ, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ` 1.5 անգամ։ Այդ մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նշում է, որ սա լավ հնարավորություն է ինչպես քաղաքացիների, այնպես էլ էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։

Հակոբ Արշակյանը շնորհավորել է կողմերին և հաջողություններ մաղթել։

Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է Նիժնի Նովգորոդում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի եռակողմ հանդիպման ժամանակ:

2020 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի և Ռուսաստանի ընկերությունների համար ստեղծվելու է «Երկու մայրաքաղաքների սակագին»: Երևանից Մոսկվա և Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ ծանրոցներ ուղարկելու գինը կնվազի գրեթե երեք անգամ. մինչև 1 կգ քաշով ծանրոցը կարժենա 420 ռուբլի (2950 դրամ) 1200 ռուբլու փոխարեն: Յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամը կարժենա 180 ռուբլի (1250 դրամ):

Հայաստանի այլ մարզերից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ուղարկելու արժեքը կնվազի մեկուկես անգամ. 1 կգ-ի համար կկազմի 860 ռուբլի (6000 դրամ) և յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար 215 ռուբլի (1500 դրամ):

--00—ԼՄ