Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպել է ՄԻԵԴ-ի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 21, 24News

Thumbnail

ՀՀ արտգործնախարարի  պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ:

Արժեվորելով ՄԻԵԴ հետ համագործակցությունը՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ բազմակողմ հարթակներն առավել մեծ կարևորություն ունեն փոքր պետությունների համար՝ արտահայտելու ինքնիշխան հավասարությունը, իսկ այսօր, երբ բազմակողմ այս հարթակն առերեսվում է նոր մարտահրավերների, առավել արդիական է դառնում համընդհանուր շահերի առաջմղման շուրջ համագործակցության կարևորությունը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշելլ է, որ մարդու իրավունքների պաշտպանության այս համակարգը բացառիկ է և կարող է իրապես արդյունավետ լինել միայն գործուն ժողովրդավարության պայմաններում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՄԻԵԴ հետ Հայաստանի համագործակցության խորացման և արդյունավետության առավել բարձրացման վերաբերյալ:

ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները: Նա նաև անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշմանը և մոտեցումներին։

Ներկայացնելով անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի դեմ Ադրբեջանում դատական գործընթացը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դատապարտելի է միջազգային հումանիտար իրավունքի խախտմամբ առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող անձի ներգրավումը դատական գործընթացում, որը ֆարսի վերածելով՝ փորձ է արվում հավասարության նշան դնել անմեղ մարդու և իրական մարդասպանների միջև: