Իմ տեսակը հանձնվողներից չէ․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ հրաժարականի պատճառների մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Գրիշա

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հրաժարականի պատճառներին:

«Հարգելի՜ հայրենակիցներ, հայտնում եմ ձեզ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Հենց այդ սկզբունքներն են ինձ ստիպել գնալ այս քայլին, որովհետև համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Հանուն մեր ուժեղ և ազգային արժեքների վրա հիմնված պետություն կայացնելուն, հանուն արդարության, հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի, հանուն որակյալ և ազգային արժեքների վրա հիմնված կրթության, հանուն մրցակցային և համաշխարհային մասշտաբի սպորտ ունենալուն:

Չեմ կարծում, որ այդ նպատակին հասնելու համար, անհրաժեշտ էր հրաժարվել այն ամենից ինչը եղել է նախկինում, այդ թվում՝ ձեռքբերումներից, որոնք իրականացել են վերջին 29 տարիների ընթացքում մեր հայրենակիցներից շատերի ջանքերով: Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018 թ.-ից:

Բայց իմ տեսակը հանձնվողներից չէ և պայքարը հանուն այն արժեքների, որոնք ինձ համար անփոփոխ են, շարունակվելու է. սա տեսակի պայքար է։

Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն պրոֆեսիոնալներին ում հետ բախտ ունեցա աշխատել վերջին երկու տարիների ընթացքում՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներին, բուհերի ռեկտորներին, կրթության բոլոր շահառուներին, մարզաշխարհի ներկայացուցիչներին և իմ շատ սիրելի սպորտսմեններին: Բոլորին ցանկանում են քաջ առողջություն և բեղմնավոր աշխատանք հանուն մեր պետության ապագայի և քաղաքացիների արժանապատիվ կյանքի»,-գրել է նախկին փոխնախարարը:

Հիշեցնենք, որ երեկ Գրիշա Թամրազյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, այն ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել էր:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս