Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը գրավոր դիմում էր ներկայացրել՝  տեղեկացնելով, որ գտնվում է Արագածոտնի մարզում և չնախատեսված խնդիրների պատճառով չի կարող ներկա գտնվել դատական նիստին։ Երեմ Սարգսյանը խնդրել է հետաձգել դատական նիստը։

Դատական նիստը հետաձգվել է։ Հայկ Սարգսյանի գործով հաջորդ դատական նիստը դեկտեմբերի 12-ին է։

Հիշեցնենք, որ 33-ամյա Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 11 տարի առաջ՝ 2007 թվականին, հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել ու մարմնական վնասվածք է պատճառել ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին: