COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News 

Նիկոլ_0.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ, անդրադարձել է Կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Գլխավոր ասամբլեայի մեծարգո նախագահ, Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք,

Այս տարի մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 75-ամյակը. կազմակերպություն, որը ծնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից: Մենք հիշում ենք մեր պապերի կատարած զոհաբերությունը, հանուն խաղաղության և մարդկության ապագայի նրանց կրած զրկանքներն ու չարչարանքները:

Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջին անգամ է անցկացվում վիրտուալ ձևաչափով: Որքան էլ անհարմար և անցանկալի լինի, այս ձևաչափով հանդիպումն ապացուցում է մարդկության վճռականությունը` շարունակելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև ցույց է տալիս մեր հանձնառությունն ու հավատարմությունը ՄԱԿ-ի սկզբունքներին և բազմակողմ համագործակցությանը:

Համավարակն իրապես աննախադեպ ազդեցություն է թողել մարդկային կյանքի բոլոր ոլորտներում: Գլոբալ մարտահրավերները լուծելու համար անհրաժեշտ է, որ բոլոր պետությունները վերադառնան արդյունավետ բազմակողմանիության և միջազգային համագործակցության դաշտ` ՄԱԿ-ի հովանու ներքո:

Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաջնային դերը Covid-19-ի դեմ համամոլորակային պայքարում: Մենք շնորհակալ ենք մեր գործընկեր բոլոր երկրներին, ովքեր աջակցեցին Հայաստանին: Մենք էլ օգնության մեր բաժինը տրամադրեցինք մեր մյուս գործընկերներին: Այս հավաքական ջանքերը հանդիսանում են միջազգային համերաշխության կարևորագույն դրսևորում:

Առաջնորդվելով մեր հավաքական հանձնառության ոգով, այն է՝ ոչ մեկին չթողնել հետևում, մենք կիսում ենք այն համոզմունքը, որ վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական տեխնոլոգիաների և արտադրանքի արդարացի հասանելիությունը պետք է լինի համաշխարհային գերակայություն, և յուրաքանչյուր ոք, ներառյալ հակամարտության վայրերում ապրողները, պետք է հնարավորություն ունենա Covid-19-ին հակազդելու միջոցներից օգտվել անարգել և առանց սահմանափակումների:
 
Ճիշտ այդպես էլ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը համաշխարհային նշանակության հանրային բարիք են և պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին՝ առանց խտրականության:

Թույլ տվեք վերստին հավաստել Հայաստանի միանշանակ աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադար հաստատելու կոչին և COVID-19-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2532 բանաձևին, որը պահանջում է մարտական գործողությունների ընդհանուր և անհապաղ դադարեցում բոլոր իրավիճակներում»,- նշել է նա:

--00--ԱԹ