ԱՀԿ-ն հորդորում է գրիպի պատվաստումներին առաջնահերթությունը տալ տարեցներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News 

կորոնավիրուս

Միավորված ազգերի կազմակերպության առողջապահական գործակալությունը խորհուրդ է տալիս, որ COVID-19 համաճարակի ընթացքում սեզոնային գրիպի պատվաստման ծրագրերում առաջնահերթությունը տրվի բուժաշխատողներին և տարեցներին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրիպի պատվաստումների բաժնի ղեկավար, դոկտոր Էն Մոենն ասել է, որ պահանջարկի մեծ ալիք է գրանցվել. «Մենք այժմ տեղեկանում ենք, որ կան երկրներ, որոնք դժվարություններ ունեն գրիպի պատվաստանյութեր ձեռք բերելու գործում»: Գրել է Ամերիկայի ձայնը։

Մոենը նաև ասել է, որ հարավային շրջանները գրիպի տարածման ռեկորդային ցածր մակարդակ են ունեցել, որը մասամբ կապված է սոցիալական հեռավորության միջոցառումների և ճանապարհորդության սահմանափակումների հետ:

Վերջինիս խոսքով՝ իրենք հույս ունեն, որ հյուսիսային շրջանները կհետևեն այդ օրինակին՝ կիրառելով նույն միջոցառումները և իրականացնելով լայնածավալ պատվաստումներ: Այդուհանդերձ, մասնագետը զգուշացրել է՝ տարբեր երկրներում արգելափակումների վերացումից հետո հնարավոր է, որ գրիպը նորից տարածվի:

Ըստ բանախոսի՝ սեզոնային գրիպից տարեկան միջին հաշվով աշխարհում 290,000-650,000 մարդ է մահանում:

--00—ՄՀ