Կարո Փայլանը սփյուռքի օգնության կարիքն ունի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Փայլան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանով երկրի դատախազությունը սկսել է Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանին անձեռնմխելությունից զրկելու գործընթաց: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է պատգամավորը:

«Թուրքիայի նախագահի հրամանով մեր կուսակցության դեմ որոշակի գործողություններ են սկսվել: Իմ ընկերներից մի քանիսը, դժբախտաբար, բանտարկված են, հիմա էլ ցանկանում են յոթ պատգամավորների դատապարտել, այդ իսկ պատճառով զրկում են անձեռնմխելիությունից»,- ասել է նա:

Անկարայի գլխավոր դատախազը սեպտեմբերի 25-ին հայտնել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 7 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։

Հայտնի է, որ այդ ցուցակի մեջ են ընդգրկվել են պատգամավորներ Կարո Փայլանը,  Սարուհան Օլուչը, Մերալ Դանիշ Բեշտաշը, Հուդա Կայան, Սեզայ Թեմելլին և Սերպիլ Քեմալբայը։

Կարո Փայլանի խոսքով` մյուս շաբաթ Թուրքիայի խորհրդարանը սկսելու է աշխատանքները, որի ժամանակ էլ կքննարկվի իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

«Ցավոք սրտի, խորհրդարանը վերահսկվում է Էրդողանի կողմից, և եթե նա հրամայել է դա անել, ուրեմն մենք կզրկվենք մեր անձեռնմխելիությունից»,- ասել է նա:

Պոսլահայ պատգամավորը նշել է, որ շատերն են Թուրքիայում պայքարում Էրդողանի դեմ, նրանք բոլորը միջազգային հանդուրժողականության կարիք ունեն:

--00--ԱԹ