Միջազգային հանրությունը չի աջակցի էսկալացիան. Ստանիսլավ Տարասովի մեկնաբանությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Thumbnail

Արցախա-ադրբեջանական հատվածում իրավիճակի սրումը սպասվում էր, վերջին շրջանում Ադրբեջանն իրականացնում էր սուր քարոզչություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

«Թեպետ, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ գործողությունների: Իրավիճակը շատ բարդ է, հետևում ենք իրադարձություններին: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն առաջին հարվածողն է  եղել, դա փոխում է իրավիճակի գնահատականը: Եկեք ամեն դեպքում չշտապենք գնահատականների հարցում, հետևենք զարգացումներին: Ամեն ինչ տանում է նրան, որ ընդունվելու են ռադիկալ որոշումներ, այդ թվում՝ Երևանի, Բաքվի և միջազգային հանրության կողմից: Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը կաջակցի էսկալացիան: Ամենայն հավանականությամբ, կլինեն կոչեր մարտական գործողություները դադարեցնելու համար»,-ասաց Ստանիսլավ Տարասովը:

Հաշվի առնելով վերջին շրջանում թե Ադրբեջանից, թե Թուրքիայից եկող հակահայկական քարոզչությունը, արդյոք արցախա-ադրբեջանական հատվածում առկա լարվածության գործընթացում երևում է Թուրքիայի ձեռագիրը: Հարցին ի պատասխան, Ստանիսլավ Տարասովը նշեց, որ հետևում են թուրքական լրատվամիջոցների արձագանքին: Նա նկատեց, որ մարտական գործողությունները սկսելուց րոպեներ անց արդեն տեղեկություն էր տրվում: Դա խոսում է այն մասին, որ գործից տեղյակ են եղել, ամենայն հավանականությամբ Բաքվի և Անկարայի միջև գործողությունները համաձայնեցված են եղել:

«Դուք գիտեք, որ մենք հատուկ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ: Ինչպես Մոսկվան, Անկարան, այլև մյուս մայրաքաղաքները հետևում են իրադարձություններին: Այս պահին կարող եմ ասել, որ խորը ափսոսանք է առաջացնում նման իրավիճակը, Ադրբեջանը ընտրել է այսպիսի «պարզ» լուծում, իսկ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար»,-հավելեց Ստանիսլավ Տարասովը:

--00--ԱՀ