Ղազախստանը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորել է բանակցային սեղանի շուրջ վերադառնալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

սահման

Ղազախստանի արտգործնախարարութունը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ և հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կազմակերպությունների հարթակներում հակամարտության լուծման խաղաղ եղանակների որոնմանը մասնակցել։

«Ղազախստանի Հանրապետությունը խորին անհանգստությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայ-ադրբեջանական հակամարտության սրման առնչությամբ։ Կոչ ենք անում մեզ համար բարեկամական Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը բոլոր միջոցները ձեռնարկել իրավիճակի կայունացման համար, հրաժարվել ուժի կիրառումից և բանակցություններ վարել։ Պատրաստ ենք մասնակցել միջազգային կազմակերպությունների հարթակներում հակամարտության լուծման խաղաղ եղանակների որոնմանը։ Որպես Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) ղեկավար՝ առաջարկում ենք օգտվել Խորհրդակցության վստահության միջոցառումների փաթեթից»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս