Լեզուների Եվրոպական օրը Հայաստանի սրտում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

մշակույթ

Սեպտեմբերի 26-ին ՅՈՒՆԻՔ (EUNIC) Հայաստան կլաստերը և ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը համատեղ անցկացրեցին լեզուների եվրոպական օրը: Միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանում Իտալիայի դեսպանատան այգում: ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը հյուրընկալում էր ԵՄ անդամ պետությունների դեսպաններին, եվրոպական կրթամշակութային հաստատությունների ղեկավարներին:

Դեսպանները բնագրով ընթերցեցին ստեղծագործություններ «Խոսիր բնության հետ» խորագրի ներքո: Իրենց մայրենի լեզվով գրական ստեղծագործություններ կարդացին ՀՀ-ում ԵՄ, Իտալիայի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չեխիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Բուլղարիայի դեսպանները, ինչպես նաև Հունաստանի և Լեհաստանի փոխդեսպանները: Երեկոյի ավարտին ներկայացվեց նաև EUNIC Armenia պաշտոնական կայքը:

Տեղեկացնենք, որ ԵՄ անդամ պետությունները միավորող մշակութային պլատֆորմը՝ ՅՈՒՆԻՔ Հայաստանն այս տարի նախագահում է Լուսինե Քարամյանը, ով ներկայացնում է Իտալիան (Դանթե Ալիգիերի ասոցիացիայի երևանյան կոմիտե):

ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը հանդիսանում է ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերի գործընկերը: Իր խոսքի մեջ նախագահող Լուսինե Քարամյանը նշեց. «Ստանձնելով Յունիք Հայաստան կլաստերի նախագահությունը՝ հուսով եմ, որ միասին մենք կշարունակենք ինչպես ավանդական դարձած ծրագրերը, այնպես էլ կստեղծենք նոր, յուրահատուկ հարթակներ եվրոպական մեր ընտանիքի շրջանակներում»:

Սա ինքնատիպ մի միջոցառում է, որ յուրովի փաստում է Հայաստանում եվրոպական քաղաքակրթական և մշակութային ներկայության ու համատեղ արդյունավետ աշխատանքի մասին: Այս գեղեցիկ ու կարևոր իրադարձությունն առհավատչյան է նրա, որ անկախ աշխարհում տիրող դժվար ու լարված իրավիճակի մշակույթը մնում է հումանիստական հարաբերությունների պահպանման և երկխոսության շարունակականության ապահովման համար լավագույն միջոցներից մեկը: Հայաստանում "Լեզուների եվրոպական օրվա" նշումը դա մեկ քայլ առաջ է մեկ-մեկու ճանաչելու և վստահաբար փոխշահավետ աշխատանքի մեջ առաջանալու համար: Ինչպես իր ելույթում շարունակեց ՅՈՒՆԻՔ Հայաստան-ի ղեկավար Լուսինե Քարամյանը.

«Վստահ եմ, որ աշնանը նախատեսվող եվրոպական ֆիլմերի 3-րդ փառատոնը նոր շունչ և տրամադրություն կհաղորդի մեր համատեղ ծրագրերին»: Համագործակցության հաջող ընթացքը խոստանում է հետաքրքիր ծրագրերի հաջորդականություն և կարևոր արդյունք Հայաստանի ու մեր մշակութասեր հասարակության համար:

հասարակական
հասարակական

 

հասարակական
հասարակական

 

հասարակական