Ալիևի այս թշնամական արարքն ամբողջությամբ ծրագրված և համադրված է եղել Թուրքիայի հետ․ ՍԴՀԿ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

ՍԴՀԿ

Ս.Դ. Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամերից սկսած, Ադրբեջանական բանակը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց ամբողջ Արցախի սահմանի երկարությամբ:
ՍԴ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչութիւնը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի նախահարձակ ոտնձգությունները Արցախի դեմ: Ակնհայտ է, որ Ալիեւի բռնապետական վարչակարգի այս թշնամական արարքը ամբողջությամբ ծրագրված և համադրված է եղել Թուրքիո հետ և համահունչ է Թուրքիո նախագահ՝ Րեջեբ Թայիպ Էրդողանի ծավալապաշտական ծրագրերի հետ: Հետևաբար, այս պատերազմի և դրա հետւանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանը և Թուրքիան:  
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը իր ամբողջական եւ անվերապահ զորակցություն է  հայտնում Հայաստանի և Արցախի զույգ հանրապետություններին և հայոց քաջարի բանակին: Միաժամանակ, իր ամբողջ կարողականությունը ի սպաս դնելով հայրենիքի պաշտպանության գործին:
Այս պահին, կոչ ենք ուղղում միջազգային ընտանիքին եւ Մինսկի խմբի անդամ պետություններին, միջոցներ ձեռք առնել, որպեսզի անհապաղ կասեցվեն ռազմական գործողությունները: Միաժամանակ, հորդորում ենք նրանց զանց անել հակամարտող կողմերին ուղղված զսպվածության կոչերը և աներկբայորեն դատապարտել Ադրբեջանի և նրան բացահայտորեն աջակցող Թուրքիո գործողությունները:  
Պահը օրհասական է և մենք զմեզ դեմ հանդիման ենք գտնում մահ ու կենաց պայքարի՝ ատելությամբ տոգորված թշնամու դեմ: Հետեւաբար, մեզնից պահանջվում է առավելագույն զգոնություն, միասնականություն եւ համախմբում: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ երբ վճռորոշ պահին եղել ենք միասնական, միշտ հաղթական ենք դուրս եկել:
Փա'ռք Հայ Ժողովրդին, Փա'ռք Հայոց Բանակին:
Բյու'ր հարգանք զոհուած մարտիկների հիշատակին»:
 
--00—ՄՀ