Զանգելու սովորությունը խանգարում է․ զինծառայողներն իրենց կյանքը կվտանգեն կապի դուրս գալով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Երբ փորձում եք ամեն րոպե զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին զանգել, եթե իրենք կապի դուրս գան, դրանով իրենց կյանքը կվտանգեն։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը․

«ԱԹՍ-ները, հրետանային միջոցները հենց այդ կապուղիներից օգտվելով՝ թիրախավորում են մեր զինծառայողներին։ Խնդրում ենք հնարավորինս սահմանափակեք նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա ցանցերը ոչ գերբեռնված եւ նպատակային աշխատեցնել»։

Մեդիաձորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ հայտել էր, որ Արցախում կա խնդիր կապի հետ - չեն գործում. կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը: Պատճառը Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են: «Ղարաբաղ Տելեկոմի» և արտադրող ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով զոհվել է 31 զինծառայող։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու, վիրավոր է 30 քաղաքացի։

--0--ԿԿ