Սա ցավոտ է մեզ համար, քանի որ մենք բարեկամ ու հարևան ենք 2-ի հետ էլ. Վրաստանի կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Իլյա

«Նովոստի Գրուզիան», հղում անելով Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի տարածած հայտարարությանը, հայտնում է, որ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը հույս ունի՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, միջազգային հանրությունը թույլ չեն տա Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա սրացում։ 

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատման սրացման մասին տեղեկությունը մեծ անհանգստության պատճառ է դարձել:

«Սա հատկապես ցավոտ է մեզ համար, քանի որ մենք բարեկամ ու հարևան ենք երկուսի հետ էլ. Վրաստանում ապրում են բազմաթիվ հայեր ու ադրբեջանցիներ»,- ասել է Վրաստանի պատիրարքը։

Իլյա 2-րդը նաև հույս է հայտնել, որ 2 կողմերի իշխանությունը և միջազգային հանրությունը թույլ չեն տա իրավիճակի հետագա սրացումը, որը կարող է Կովկասում լրջագույն խնդիր դառնալ և մեծ պայթյուն դառնալ ամբողջ աշխարհում։

«Աղոթում ենք, որպեսզի Աստված խաղաղություն պարգևի Հայաստանին և Ադրբեջանին ու ողջ Կովկասին»,- ասել է պատրիարքը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։

--00—ԼՄ