«25 տարի առաջ այս օրը շրջանառության մեջ մտավ հայկական դրամը»․ Արթուր Ջավադյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ուղերձ է հղել դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Ուղերձում ասված է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս ՀՀ ազգային արժույթի՝ Դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ: 

Քսանհինգ տարի առաջ այս օրը շրջանառության մեջ մտավ հայկական դրամը:

Այսօր բոլորիս համար է հպարտության օր. քաջ գիտակցում ենք, որ հայկական դրամը ուղղակի վճարամիջոց չէ, այն նաև մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշերից է: Դրամի ներդրումը սկիզբ դրեց անկախ տնտեսական քաղաքականության, նաև՝ Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության գործառույթի հիմնման և իրականացման:

Thumbnail

Ազգային արժույթն առանցքային դեր ունեցավ նաև Հայաստանի ֆինանսական համակարգի ձևավորման համար: Այս տարիներին ֆինանսական համակարգն անցավ և՛ ձևավորման, և՛ մաքրման, և՛ կայացման փուլերով: Քսանհինգ տարում, իհարկե,  եղել են ցնցումներ, որոնք հիմնականում եկել են արտաքին աշխարհից, բայց բոլոր այդ դեպքերում Հայաստանի ֆինանսական համակարգը, որի ձևավորման հիմքում հայկական դրամն է, ցուցաբերել է բարձր ամրություն, համախմբվածություն և պրոֆեսիոնալիզմ: Ֆինանսական համակարգը, առանց որևէ բյուջետային աջակցության, դիմակայելով բոլոր տեսակի մարտահրավերներին պահպանել, և լիահույս եմ, ապագայում ևս կպահպանի այն կայունությունը, որն այսօր չափազանց կարևոր է: Այս տարիներին ստեղծվել և կայացել են նաև բոլոր այն ենթակառուցվածքները,  որոնք անհրաժեշտ են ֆինանսական համակարգի կայուն զարգացման և շարունակականության ճանապարհին:

Thumbnail

Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհավորել բոլորիս նաև երրորդ սերնդի թղթադրամների դրամաշրջանառություն մտնելու կապակցությամբ. նոր թղթադրամները տպագրված են ժամանակակից լավագույն պաշտպանական հատկանիշներով և իրենց որակական հատկությունների շնորհիվ շատ ավելի երկար կծառայեն՝ էապես կրճատելով դրամաշրջանառության ապահովման ծախսերը: Հայկական դրամն ունեցել և այսուհետ էլ ունենալու է ամենաժամանակակից պաշտպանական հատկանիշները:

Thumbnail

Այսօր լավ առիթ է նաև շնորհավորելու բանկային համակարգի աշխատակիցներին, քանի որ հայկական դրամի ներդրման օրը նշվում է նաև որպես բանկային աշխատակցի օր: Ցանկանում եմ շեշտել, որ Կենտրոնական բանկը, ունենալով օրենքով վերապահված անկախության հիմքեր, մշտապես գործել է բարձր պատասխանատվությամբ, թափանցիկ և առավելագույն ջանքերն է ներդրել իր խնդիրների իրագործման ընթացում, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Կենտրոնական բանկի թիմին, նախկին և ներկա աշխատակիցներին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի օրվա կապակցությամբ»: