Կրկին շրջանառվում է քուրդ և սիրիացի զինյալների՝ Արցախում տեղակայման կեղծ լուրը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

ֆեյք

Ադրբեջանական և թուրքական մեդիատիրույթում շարունակում է շրջանառվել կեղծ թեզն այն մասին, թե Արցախում տեղակայված են քուրդ զինյալներ, որոնք աջակցում են հայկական կողմին ադրբեջանցիների դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:

«Նշենք, որ այս լուրը շրջանառության մեջ դրվեց եգիպտական լրատվական կայքերի միջոցով։ Վերջիններս հայտնում էին, թե ՔԲԿ–ի զինյալները Սիրիայից Իրանի տարածքով անցնում են Հայաստան։ Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով թուրքական Haber7.com-ին, գրել էին, թե Սիրիայի հյուսիսում օրերս ստեղծված և YPG/PYD-ի կողմից վերապատրաստվող հայկական գումարտակը ևս Ադրբեջանի դեմ մարտերին մասնակցելու համար Արցախ է ուղարկվել։ Թուրքական պաշտոնական աղբյուրները ևս միտված են կեղծ այս թեզն առաջ տանելուն։

Հայտնում ենք, որ այս տեղեկատվությունը հերքվել է բազմիցս։ Դրան անդրադարձել են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պաշտանական աղբյուրները։ Մասնավորապես Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, սեպտեմբերի 9-ին խոսելով թեմայի շուրջ, հայտնել էր.

«… նման տեղեկություններ տարածելով՝ Ադրբեջանը փորձում է հակադրվել այն հաստատված տեղեկություններին, որ իրենց բանակը համալրվում է Սիրիայից եկած ծայրահեղականներով: Ես կարող եմ ասել, որ դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»»,- տեղեկացնում է կենտրոնը։

--00--ԱԹ