Տանկային մարտում հակառակորդը կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա․ մարտերը շարունակվում են

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Մարտական գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Հակառակորդի տանկերի խոցումը»,- գրել է նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 27 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

--00--ՄՀ