Բելառուսը պատրաստ է գործել Հայաստանի ու Ադրբեջանի երկխոսության համար

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Բելառուս

Բելառուսը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև «երկխոսությունը խթանելու համար» իրենց համար ընդունելի ձևաչափերով։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝  ասված է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

«Ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին Հայաստանին և Ադրբեջանին, դադարեցնել մարտական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Վերահաստատում ենք այս և նրանց համար ընդունելի այլ ձևաչափերում կողմերի երկխոսությունն առաջ մղելու ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարությունում։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 27 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

--00--ՄՀ