Հայաստանը 50 մլն դոլար վարկ կվերցնի․ 68 պատգամավոր նախագծին կողմ է քվեարկել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

ՀՀ կառավարությունը 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ կներգրավի: Ազգային ժողովն այսօր ընդունեց «ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը։ Այն ընդունվեց 68 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասել էր, որ ֆինանսական միջոցները ներգրավվում են 2018 թվականի բյուջեի մասին օրենքով նախատեսված դեֆիցիտի ֆինանսավորման շրջանակում: Վարկի ժամկետայնությունը 15 տարի է, որից 3 տարին՝ արտոնյալ: Վարկային միջոցներն ուղղվելու են «2018 թ. պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը. պակասուրդը 156 միլիարդ 915 միլիոն 705 հազար դրամ է: Վարկի տոկոսադրույքը 3,3 % է: