Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակում 2 հատվածում, տվել է 370 զոհ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

ՊՆ

Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջոմ գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%»,- գրել է նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 27 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

--00—ՄՀ