«Հանուն ինչի՞ գնալ զիջումների»․ Զոհրաբ Մնացականյանը՝ Բոլթոնի այցի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Առավոտ» օրաթերթին, որը հրապարակվել է ԱԳՆ պաշտոնական կայքէջում։ Հարցազրույցի շրջանակում անդրադարձ է եղել հայ-ամերիկյան հարաբերություններին։  Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի այցին Հայաստան, որը տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել:

«Նա իր վստահությունն ու աջակցությունը հայտնեց Հայաստանում տեղի ունեցող բոլոր այն գործընթացներին, որոնց շուրջ հասարակության աջակցությունը վայելող, վստահության մանդատ ստացած կառավարությունը կարող է շատ ավելի վստահ եւ համարձակ աշխատել միջազգային իր օրակարգում: Եվ դա ընկալվում է որպես ակնարկ, որ Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա: Չի կարող լինել նման բան, որովհետեւ չի կարող ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունն աշխատել մի ուղղությամբ, որը կարող է վնաս բերել Հայաստանի ազգային շահին: Հանուն ինչի՞ գնալ զիջումների»,-ասել է Մնացականյանը:

Նախարարրի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Ջոն Բոլթոնի աղմկահարույց հայտարարությանը՝ ամերիկյան զենքի վաճառքի արգելքի վերացման հնարավորությունների հետ կապված: «Առավոտ» օրաթերթի լրագրողի հարցին՝ Հայաստանն դիտարկո՞ւմ է ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորությունները, թե՞ այս հարցում մենք սահմանափակված ենք, միայն ՌԴ-ի հետ կարող ենք նման գործարքներ կնքել, Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանն այդ առումով սահմանափակված չէ։

«Հայաստանը սահմանափակված չէ իր գործառույթների մեջ, բայց դա չի նշանակում, որ ոչ ոք սահմանափակված չէ այսօր աշխարհում, որովհետեւ յուրաքանչյուրը հաշվարկում է իր կարողությունները՝ ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ: Հայաստանը սուվերեն պետություն է, որն իր որոշումներն ընդունում է ողջամիտ ձեւով, այսինքն՝ ինչ կարող ես անել, որը կնպաստի քո պետության շահերին եւ չի ստեղծի մի իրավիճակ, որը կարող է վնասել քո շահերին: Այս մոտեցումը ցանկացած պետության է վերաբերում՝ ներառյալ Հայաստանին: Այսինքն՝ սկզբունքորեն մենք սահմանափակված չենք, կանենք ամեն ինչ, որը կամրապնդի Հայաստանի անվտանգությունը: Երկրորդը՝ մենք ապրում ենք իրական պայմաններում, որտեղ անվտանգության զգայունությունը չափազանց բարձր է: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք մեր անվտանգության օրակարգին առնչվող բոլորը հարցերը: Երրորդը՝ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կա չլուծված խնդիր, որտեղ կա ագրեսիվության բավական բարձր մակարդակ»,-ասել է Մնացականյանը: