Հայաստանում տեղի ունեցողը կոտրում է սիրտս. Քլոե Քարդաշյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News  

Քլոե

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քլոե Քարդաշյանն ինստագրամյան իր էջի story բաժնում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակմանը։

Քարդաշյանը կոչ է արել միանալ իրեն ու տարածել իրական ագրեսորի մասին հավաստի տեղեկություններ։

«Հայաստանում տեղի ունեցողը կոտրում է սիրտս: Աղոթում եմ բոլորի առողջության և անվտանգության համար: Միացեք ինձ, որպեսզի շարունակենք Արցախի հայերի դեմ Ադրբեջանի ինքնաբուխ այս հարձակման մասին տեղեկություններ տարածել: Հայաստանն ու Արցախը պաշտպանում են իրենց, սակայն նաև միջազգային հանրության աջակցութանն են սպասում, որպեսզի վերջինս դատապարտի այս հարձակումները և տարածաշրջանում խաղաղություն հաստատի: Կիսվե՛ք տեղեկություններով, կոչ արե՛ք ԱՄՆ ներկայացուցիչներին խոչընդոտել հակամարտության հետագա սրումը»,- գրել է Քարդաշյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 53 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ 120 է։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս