Առևտրի համաշխարհային կազմակերպությանը հետաքրքրում է ՀՀ առևտրաշրջանառությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

Ժնևում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարությունում մեկնարկել է ՀՀ երկրորդ առևտրային քաղաքականության վերաքննության (ԱՔՎ) լիագումար նիստը՝ ԱՀԿ Գլխավոր Խորհրդի նախագահ, դեսպան Յուհիկո Իհարայի նախագահությամբ:

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, հայկական կողմը, ինչպես նաև ԱՀԿ քարտուղարության ներկայցուցիչներն ու ԱՀԿ անդամ երկրները հանդես կգան ամփոփիչ ելույթներով:

Նիստին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ: Վերջինս հանդես է եկել բացման խոսքով և զեկույցով ներկայացրել ՀՀ առևտրային քաղաքականության զարգացումները:

Նիստի շրջանակներում ներկայացվել և քննարկվել է երկու փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականության վերաբերյալ ԱՀԿ քարտուղարության կողմից պատրաստված զեկույցը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պատրաստված զեկույցը:

Thumbnail

ՀՀ առևտրային քաղաքականության նկատմամբ ԱՀԿ անդամ երկրների կողմից ցուցաբերվել է մեծ հետաքրքրություն և երկրորդ առևտրային քաղաքականության վերաքննության զեկույցների ներկայացման ժամանակ ԱՀԿ 19 անդամ երկրների ներկայացուցիչներ (ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիա, Կանադա, Իսլանդիա, Չինաստան, Հնդկաստան, Վրաստան, Ուկրաինա, Թաիլանդ, Սինգապուր, Ղրղզստան, ՌԴ, Բրազիլիա, Ղազախստան, Պարագվայ, Ուրուգվայ, Տաջիկստան և Աֆղանստան) հանդես են եկել ելույթներով` ներկայացնելով Հայաստանի հետ իրենց առևտրային հարաբերությունների ներկա ընթացքը, զարգացման ուղղությունները, նկատառումները, դիրքորոշումները, ինչպես նաև ներկայացրել են հարցեր՝ ակնկալելով հայկական կողմի պարզաբանումները: Բոլոր նշված երկրների ներկայացուցիչները հատկապես նշում և կարևորում էին 2010թ.-ին կայացած ՀՀ առևտրային քաղաքականության առաջին զեկույցից հետո ոլորտում տեղի ունեցած զարգացումները: