ՀՀ-ն ՀԱՊԿ-ում բարձրացրել է իր տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի հարցը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News 

Բիյագով

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը։ Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Վիկտոր Բիյագովը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետանու և օդուժի կիրառմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը և դրան հետևած սադրիչ գործողությունները: 

ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Բիյագովը գործընկերների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի նախապես ծրագրված լինելու հանգամանքի և փաստերի վրա՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության առնչությամբ, ինչը ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի բացարձակ ոտնահարում: 

«Հրաժարվելով խաղաղ բանակցություններից՝ ադրբեջանական ղեկավարությունը ընտրել է ղարաբաղյան խնդրի լուծման իր ճանապարհը՝ հրահրելով լայնամասշտաբ պատերազմ, որի արդյունքում արդեն կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ռազմաքաղաքական աջակցությունը, որը նպաստում է նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի հետագա ապակայունացմանը, լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդների համար։ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծառայում են թուրք մասնագետներ, օգտագործվում է թուրքական արտադրության զինտեխնիկա՝ այդ թվում ԱԹՍ-եր և ռազմական ինքնաթիռներ։ Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ։ Մենք վճռական ենք ամբողջ ուժով դիմադրել և չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները»,- նշեց ՀՀ ներկայացուցիչը։

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն անդրադարձավ նաև այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ապատեղեկատվության տարածմանը, որը նպատակ ուներ հող նախապատրաստելու հակամարտության մասշտաբների ընդլայնման և Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար. «Հակամարտության աշխարհագրության ընդլայնումը կարող է անմիջական վտանգ ստեղծվել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, և այդ դեպքում մեր կողմից գործի կդրվեն համապատասխան ռազմաքաղաքական մեխանիզմներ՝ ուղղված արտաքին ագրեսիայի հավաքական հակազդմանը»։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս