Խաղաղությունն այլընտրանք չունի. Սերբիայի նախագահը ռազմական գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News 

Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կոչ է արել դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սերբական լրատվամիջոցների հետ զրույցում Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի:

«Մենք խաղաղություն ենք ցանկանում, նրանք մեզ համար երկու եղբայրական և բարեկամական ժողովուրդներ են։ Մենք նրանց ցանկանում ենք այս ամենը հնարավորինս արագ կասեցնել։ Ձևականության նման է հնչում, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բայց հավատացեք՝ խաղաղությունն ամեն ինչից կարևոր է։ Մենք հավատում ենք, որ մեր եղբայր և բարեկամ հայերն ու ադրբեջանցիները դրան հասնելու ուժ կգտնեն»,- ասել է Վուչիչը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ:

Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները Վարդենիսում, ինչի հետևանքով սպանվել է 1 քաղաքացիական անձ։   Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից այրվել է քաղաքացիական ավտոբուս:

Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով հակառակոդն ունի բազմաթիվ մարդկային կորուստներ: Հայկական կողմը ոչնչացրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

--00—ՄՀ