Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Ղարաբաղում իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News 

Փաշինյան Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Արցախում ծավալված ռազմական իրավիճակը։  Այս մասին հատնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Պուտինը Փաշինյանին լուրջ անհանգստություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ և հայտնել, որ կողմերը պետք է դադարեցնեն կրակը։

Ընդգծվել է հակամարտող կողմերի՝ կրակը դադարեցնելու և  ճգնաժամի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը», - ասվում է ՌԴ նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում։ 

Հայկական կողմից հայտնում են, որ վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցող զարգացումներին: ՌԴ նախագահը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ և կարևորել հրադադարի ռեժիմի պահպանումն ու ապաէսկալացիայի ուղղությամբ քայլերի իրականացումը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ:

Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները Վարդենիսում, ինչի հետևանքով սպանվել է 1 քաղաքացիական անձ։   Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից այրվել է քաղաքացիական ավտոբուս:

Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով հակառակոդն ունի բազմաթիվ մարդկային կորուստներ: Հայկական կողմը ոչնչացրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:

Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:

--00—ՄՀ