Ռուսաստանը Թուրքիա չէ, մենք հակամարտություն կարգավորելու մեր պատմությունն ունենք. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Մարիա

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, ըստ որի՝ Անկարան կաջակցի Ադրբեջանին և՛ բանակցային սեղանի շուրջ, և՛ ռազմի դաշտում, հայտարարել է, որ Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նորություն չէ, որ ինքը դրա մասին նախապես գիտեր:

«Բացարձակապես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի կամ այլ երկրի մեթոդաբանությունը: Մեր հռետորաբանությունն այլ է, մեր հայտարարություններն էլ են տարբեր:

Մենք Թուրքիա չենք, այլ Ռուսաստան, սա մեր պատմությունն է, հակամարտությունների կարգավորման մեր մեթոդները նույնպես ունեն սեփական պատմությունը:

Յուրաքանչյուր պետություն պետք է իր ներդրումն ունենա իրավիճակը հանդարտեցնելու գործում: Բոլորը հակամարտության խաղաղ լուծման կոչ են անում»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ հակամարտության կարգավորմանն անդրադարձել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա նշել է, որ մտադիր է կապ հաստատել Պուտինի ու Թրամփի հետ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկելու համար:

--00—ԼՄ