ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
ՏԱՍՍ գործակալությունը, հղում տալով Հունաստանի ԱԳՆ-ին, հայտնում է, որ երեքշաբթի երեկոյան Հունաստանի խնդրանքով տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ և հայտարարություն տարածել:«Հունական նախաձեռնությունը նպատակ ունի ԵԱՀԿ շրջանակներում քննարկում անցկացնել ներգրավված երկու կողմերի մասնակցությամբ և քննարկել ճգնաժամը լիցքաթափելու բոլոր հնարավոր ուղիները: Նպատակը Մինսկի խմբում բանակցությունների վերսկսումն է խնդրի խաղաղ կարգավորման շուրջ»,-նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Հունական կողմը նաև հայտարարել է, որ ճգնաժամի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական միջոցներով:
«Հունաստանը դատապարտում է ցանկացած երրորդ կողմի միջամտությունը, որը խթանում է լարվածությունը: Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա այդ ուղղությամբ արվող գործողություններից և հայտարարություններից»,- նշվում է հայտարարության տեքստում:
Հունաստանի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ ԱԳ նախարար Դենդիասն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել՝ ներդրում ունենալու ճգնաժամի անհապաղ լիցքաթափման գործում:
«Վաղը տեսակոնֆերանսի ձևաչափով նոր զրույց տեղի կունենա Մնացականյանի հետ»,-նշվում է գերատեսչության տարածած հայտարարությունում:
--00—ԼՄ